Անցած տարի հունիսի 8-ին լրագրող Հրայր Մանուկյանը դիմել էր դատախազություն` հաղորդելով, որ Ազգային անվտանգության աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյան անունով անձը մի քանի հանդիպումների ժամանակ փորձել էր իրեն «վերբովկա» անել` առաջարկել ԱԱԾ-ի հետ համագործակցել: Սակայն մերժում ստանալուց հետո, սպառնացել էր, թե մերժումը բացասական հետևանքներ կունենա թե իր, թե «Ժառանգություն» կուսակցության համար:
Դեպքի վերաբերյալ Հրայր Մանուկյանը դիմել է ոստիկանություն, սակայն մերժել են քրեական գործ հարուցել: Քրեական գործ չհարուցելու որոշումը բողոքարկվել է դատարանով: Հրայր Մանուկյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ առաջին և վերաքննիչ ատյանների կողմից մերժում ստանալուց հետո բողոք են ներկայացրել վճռաբեկ դատարանին և սպասում են պատասխանին. «Մոտ երկու ամիս կլինի գործը ուղղարկել ենք վճռաբեկ: Եթե վարույթ ընդունած լինեին, պետք է մեզ իրազեկեին ու քննություն ընթանար»,-ասաց պարոն Ռևազյանը:
Վճռաբեկ դատարանը գործը ոչ վարույթ է ընդունել, ոչ էլ վերադարձել է: Թեև փաստաբանը ենթադրում է, որ գործը մերժվելու է .«Եթե անգամ վճռաբեկը բավարարի մեր բողոքը ու գործ հարուցվի, միևնույն է որոշ ժամանակ անց այն կարճվելու է»:
Իսկ մեր այն հարցին, թե նախագահի մամուլի նոր խոսնակ նշանակված Վլադ Հակոբյանը, արդյո՞ք գործի վրա կարող է ազդեցություն ունենալ, փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կազդի, որովհետև ի սկզբանե գործը պետք է լիներ այնպես, ինչպես որ պիտի լիներ: Ինքը կնշանակվի, թե՝ ոչ, կապ չունի»:
Փաստաբանը նաև նշեց, որ գործի հենց սկզբում իրենք վստահություն չեն ունեցել ներպետական ատյանների վերաբերյալ: Այս պահին նրանց միակ հույսը Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Հրայր Մանուկյանը դատախազություն ներկայցրել էր նաև իր և ԱԱԾ աշխատակից Վլադի հետ ունեցած զրույցների գաղտնի ձայնագրությունը, որն, ի դեպ, հրապարակվել և տարածվել էր համացանցում: