Հայտնի է 25-ամյա տղային կացնահարելու դրդապատճառը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են  25-ամյա Վլադիմիր Կարապետյանի  սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով:

Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Կատարված քննությամբ պարզվել է սպանության շարժառիթը, հայտնաբերվել հանցագործության գործիքը։ Նախնական քննության տվյալներով՝ 25-ամյա երիտասարդն սպանվել է 2015 թվականի օգոստոսի 17-ի առավոտյան, կացնով։ Նրան սպանելու կասկածանքով օգոստոսի 18-ին ձերբակալվել է վերջինիս եղբայրը՝ Կ.Կարապետյանը, ով հարցաքննվել է փաստաբանի ներկայությամբ և ցուցմունք տվել դեպքի վերաբերյալ։

Կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ժամանակ նա ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը և այն հագուստները, որոնք եղել են նրա հագին դեպքի պահին, դրանք առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել