ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն` նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով:
Մեղադրական եզրակացությունը դատավարական փաստաթուղթ է, որով ավարտվում է քրեական գործով նախնական քննությունը, և որի միջոցով դատախազը որոշում է գործը դատական քննության ուղարկելու հարցը: Այն կազմվում է քննիչի կողմից նախաքննությունն ավարտելուց և դատավարության մասնակիցներին գործի նյութերին ծանոթացնելուց հետո:
Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից, որը ստորագրում է քննիչը` նշելով այն կազմելու ժամանակը, տեղը և նույն օրը քրեական գործն ուղարկում է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Դատավարական այս փաստաթղթին կցվում են նաև հավելվածներ` դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակը, իրեղեն ապացույցների և դրանց գտնվելու տեղի, քաղաքացիական հայցը և գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար ձեռնարկված միջոցների, դատական ծախսերի, խափանման միջոցների մասին քննիչի տեղեկանքները` նշելով անձի` կալանքի տակ գտնվելու ժամկետը:
Դատախազի գործողությունները մեղադրական եզրակացությունը ստանալու հետո
Այսպես, դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը` 1) հաստատել մեղադրական եզրակացությունը, 2) իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, և այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը, 3) իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար, 4) կասեցնել քրեական գործով վարույթը, 5) կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:
Ընդ որում, մեղադրանքը լրացնելու կամ այն առավել ծանր կամ փաստական հանգամանքներով նախորդ ներկայացված մեղադրանքից էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու հիմքերի առկայության դեպքում դատախազը պարտավոր է գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը փոխելու համար:
Աղբյուրը՝ Իրավաբան.net