Երեկ հրապարակված Սահմանադրության նոր նախագծում աչքի զարնեց այն դրույթի բացակայությունը, որը դարձել էր քաղաքացիների բուռն քննարկման առարկա. Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը:
Մասնավորապես, խոսքը Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածից Սահմանադրության նախագիծ իմպլետմենտացված հետևյալ դրույթի մասին է , որը սահմանում էր. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»:
«Այս դրույթը անհրաժեշտ պաշտպանության քրեաիրավական ինստիտուտի դասական բաղադրիչ է: Ինձ թվում է, որ քաղաքացիների դժգոհության պատճառը դրույթի թյուրընկալումն էր, որը պայմանավորված էր այդ դրույթի ձևակերպմամբ, քանզի Կոնվենցիայի բառացի թարգմանությունն էր տեղադրվել Սահմանադրության մեջ»,- ասաց Ա. Վարդանյանը:
Իրավաբանի կարծիքով, այնուամենայնիվ, երբ Սահմանադրության նախագիծը վերջնական տեսքի բերվի, այդ դրույթն իր էությամբ կգտնի իր արտացոլումը Սահմանադրության մեջ այն հիմքերով, որոնք սահմանում է հենց Եվրոպական կոնվենցիան, դրանք են՝ ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար, օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար, խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար: