Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը փակեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիաներին անդրադառնալով:
Խոսելով փողոցներ փակելու գործողություններից՝ նա ասաց. «Նստել փողոցներ փակել, նստացույցներ իրականացնել, իմ կարծիքով դա՝ ոչ մեկի շահերցի չի բխում, սա այն դեպքում կարելի է արդարացված համարել, երբ որ չենք լսում նրանց: Բայց չի եղել նման բան՝ հանրապետության նախագահից սկսած, որ գոնե մեկ անգամ պատրաստակամություն չհայտնենք՝ իրենց հետ հանդիպենք ու քննարկենք: Փողոցում նստում խոսում են, գնում են այգիներում նստում, խոսում են՝ ճանապարհը փակենք, երթևեկությունը կաթվածահար անենք, բայց ինչի՞ համար, եթե ձեր նպատակը երկրի առջև ծառայացած խնդիրների լուծումն է, կներեք, ինձ համար այդ ճանապարհն անընդունելի է: Եկեք քննարկենք»,- նշեց նա:
Ըստ նրա՝ կառավարությունը միշտ պատրաստ է քննարկել խնդիրներն ինչպես ակտիվիստների, այնպես էլ ընդդիմադիր ուժերի հետ. «Մենք այն մարդիկ ենք, որ մեր հանրությանը պետք է բացատրենք, ճիշտը դա է՝ քննարկել, նստել սեղանի շուրջ, այլ ճանապարհ չունենք»,- եզրահանգեց նա: