ՀՀ Կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշմամբ հաստատված Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը համալրվեց ևս մեկ պաշտոնյայով։ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետն այսուհետ նույնպես այդ ցանկում է։
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց համապատասխան նախագիծը։ Նախագծում կարդում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործառութային առաքելությունն ուղղակիորեն ենթադրում է նաև վերջինիս գործունեության ընթացքում գաղտնիության որոշակի մակարդակի ապահովում: «Բնականաբար, նման պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ձեռքբերում նշված հարաբերությունների իրավակարգավորումը, որը թեպետ մասնակի իրականացվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով, այսուհանդերձ, դեռևս ամբողջությամբ չի դրսևորվել ի կատարումն դրա ընդունված ակտերում»,- նշեց Արսեն Մկրտչյանը։
Առկա իրավակարգավորման բացը խնդիրներ է առաջացնում այն իմաստով, որ ստացվում է` նախաքննական մարմնի ղեկավարը, ով իր պաշտոնեական առաքելությամբ առնչվում է հենց խնդրո առարկա բնույթի տեղեկատվությանը, անմիջականորեն տիրապետելով այն, ի պաշտոնե չունի տեղեկությունը պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն: Կարդում ենք նախագծում։
Նախագծի ընդուման արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կստեղծվի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկը և կկարգավորվի ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերին առնչվելու հարցը: Կառավարությունն այն հաստատեց։