22-ամյա տաքսու վարորդ Ահարոն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի ապրիլի ամսին Էրեբունի փողոցի 14 հասցեի մոտակայքում տաքսու ուղեվարձը չվճարելու պատճառով վիճաբանել է ուղևոր Կարեն Թորոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է նրան՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործի քննության ժամանակ պարզ է դարձել, որ ամբաստանյալը ընկերոջ ավտոմեքենան Երևան քաղաքում վարել է որպես տաքսի։ Հիմնականում աշխատել է գիշերային ժամերին և պատվերներ է ընդունել Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից։
Ահարոնը դեպքի օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում գտնվել է Երևան քաղաքի Հին Երևանցի փողոցում։ Այդ ընթացքում նրան է մոտեցել Կարեն Թորոսյանը և խնդրել է տեղափոխել Էրեբունի վարչական շրջան։ Հասնելով Էրեբունի փողոցում գտնվող «Օրանժ» սպասարկման կենտրոնի մոտ՝ ուղևորը վճարել է 1.000 դրամ գումար և ցանկացել է իջնել մեքենայից, բայց վարորդը հայտնել է, որ իրեն պետք է վճարի 1.500 դրամ գումար։ Ուղևորն ասել է, որ ինքը միշտ նույն երթուղով վերարադարձել է տուն և վճարել է 1.000 դրամ, վարորդն էլ պնդել է, որ իր տաքսին է և ինքն է գները որոշում։
Դրանից հետո երկուսի միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Ահարոն Ղազարյանը մեքենայից դանակ է վերցրել է և քաշքշուկի ժամանակ դիտավորությամբ հարվածել է Կարեն Թորոսյանին:
22-ամյա վարորդը, դանակը Թորոսյանի որովայնի մեջ թողնելով, դիմել է փախուստի։ Դրանից հետո քննությամբ չպարզված անձինք Թորոսյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Գործը քննվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ա.Գաբրիելյանի նախագահությամբ: Դատարանը վճռել է Ահարոն Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով։
Նշենք նաև, որ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան՝ ամբաստանյալի կատարված արարքին ճիշտ քրեաիրավական որակում տալու և դրան համարժեք պատիժ նշանակելու պահանջով: Դատարանը դեռ իր որոշումը չի կայացրել։ Տեղեկացնենք նաև, որ կողմերի անունները փոփոխված են։