«Տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը»։
Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը նամակ են ուղարկել ոստիկանապետին։
«Մեծարգո պարոն ոստիկանապետ,
ԱԺ առաջիկա ընտրությունների՝ ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ընտրական ցուցակներում ընդգրկված է 2.485.844 անուն, որոնց գումարելով զինծառայողների ու ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների գաղտնի ցուցակներում առկա շուրջ 50.000 անունները, ստացվում է 2.535.844 ընտրող։
Հայտնի է նաև, որ 2011թ. մարդահամարի տվյալներով ՀՀ հաշվեգրված բնակչության թիվը կազմել է 3.285.767, իսկ առկա բնակչության թիվը՝ 2.871.767 մարդ։ Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով ՀՀ-ից մշտապես բացակա է 414.258 քաղաքացի, իսկ փորձագիտական գնահատականներով այդ թիվը հասնում է շուրջ 700.000-ի։
Ընտրացուցակներում ընդգրկված երկրից մշտապես բացակա քաղաքացիների անունները ձեզ ստուգապես հայտնի են, քանի որ մարդահամարի ընթացքում դրանք, բնակիչների հաշվառման պետական ռեգիստրի հիման վրա, ճշտվել են անվանական կարգով և, բացի այդ, ձեր ձեռքի տակ են սահմանային անցակետերում արված ելումուտի նշումները։
Ընտրացուցակներում երկրից մշտապես բացակա հարյուրհազարավոր քաղաքացիների անունների առկայությունը մշտապես հուզել է Հայաստանի հասարակությանը և կասկածներ հարուցել ընտրությունների օրինականության նկատմամբ։ Ժամանակին այդ հարցը մտահոգել է նաև օտարերկրյա դիտորդական առաքելություններին, որոնք խնդիրն ամենայն լրջությամբ դրել են ՀՀ իշխանությունների առջև և դրա հետ կապված օրենսդրական և կանոնակարգային փոփոխություններ պահանջել։
Հետևաբար, բոլոր կասկածները ցրելու և ընտրությունների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու համար, օգտվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքից, խնդրում ենք մեզ տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը։
Չկատարելով մեր խնդրանքը, Դուք կասկածի տակ կդնեք առաջիկա ընտրությունների օրինակարգությունը և մեծ հարված կհասցնեք Հայաստանի միջազգային վարկին»։
Նամակի պատճենը ուղարկել են վարչապետին, ԱՆ նախարարին, ԿԸՀ նախագահին, միջազգային դիտորդական առաքելությանը, դեսպաններին։