Անձի կոռուպցիոն վարքագծի դրսևորման պատճառներից է անձնական շահի առաջնայնության գաղափարը պետական շահի նկատմամբ:
Պետական և անձնական շահի առաջնայնության վերաբերյալ հետաքրքիր վերլուծություն է ներկայացրել Մաքիավելլին իր «Տիրակալը» աշխատության մեջ: Այն հարցին, թե անհատը տիրակալից պետք է վախենա՞ թե սիրի, որպեսզի հարգի պետությունը և պահպանի կարգը, նա պատասխանել է, որ պետք է վախենա:
Ինչու՞: Անձը, սիրելով տիրակալին, կպահպանի վերջինիս կողմից սահմանված կարգն այնքան ժամանակ, քանի դեռ անձնական և պետական շահերը չեն հակասել միմյանց:
Մինչդեռ, վաղ թե ուշ կգա մի պահ, երբ անձը կգտնվի երկընտրանքի առջև` պետակա՞ն թե՞ անձնական շահ, այս ժամանակ, որքան էլ որ սիրի և հարգի ղեկավարին, պետությանը, այնուամենայնիվ, մարդն ունակ չի լինի սիրել ինքն իրենից շատ և բնական է կընտրի անձնական շահը: Մինչդեռ, երբ անձը վախենա, ապա այդ հակասության դեպքում կընտրի պետական շահը: Այս դեպքում պետական շահը կհանդիսանա հենց անհատի անձնական շահը` վախի դրդապատճառից ելնելով: Միևնույն համեմատականը տանենք կոռուպցիայի մասով. վաղ թե ուշ բոլորը հանդիպում են այնպիսի հանգամանքների, երբ պետք է որոշեն` կայացնել կոռուպտիվ որոշում, թե ոչ: Անհրաժեշտ է վախի դրդապատճառի առկայությունը, որպեսզի պետական շահն ունենա առաջնայնություն: Ավելին, այս դեպքում արդեն պետական շահը կհանդիսանա հենց անձնական շահը:
Ելնելով վերոգյալից՝ կարող ենք ասել, որ վախի նման դրդապատճառ ձևավորելու լավագույն միջոցը՝ պատժի անխուսափելության սկզբունքի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումն է:
Աղբյուրը՝ Իրավաբան.net