Շուրջ երեք տարի առաջ Արարատի մարզում «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի Արարատի մարզի ռեգիոնալ համակարգող Տիգրան Մաթևոսյանն իր ընկերոջ հետ գնում է վերջինիս երեխայի ծննդյան նպաստը ստանալու համար դիմում գրելու:
Տիգրանը հիշում է, որ իրենց խորհուրդ տվեցին գնալ քարտուղարուհու մոտ և դիմումի օրինակ վերցնել. «Մենք գնացինք ու տեսանք, որ մի կին է նստած, խնդրեցինք մի դիմումի ձև տալ, այդ կինը տվեց ձևն ու հարցրեց, թե որերորդ երեխան է, ընկերս ուրախ պատասխանեց, որ երկրորդն է, կինն էլ հավելեց, որ պետք է տանք 500 դրամ գումար»:
Այս լսելով՝ Տիգրան Մաթևոսյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ համար պետք է վճարեն այդ գումարը. «Այլ բան, որ թղթի համար 50 դրամ ուզեն, բայց ոչ՝ 500: Կինը ասաց, որ այդպես է կարգը, ես խնդրեցի, որ ավելի խելամիտ կերպով հիմնավորի, իսկ ընկերս էլ հավելեց՝ «Բա ինքը կոռուպցիայի պայքարի տեղից ա»: Այս լսելուց հետո կինը թուղթը դրեց ու միանգամից հեռացավ սենյակից, այլ կերպ ասած՝ փախավ»:
Այս զվարճալի դեպքից հետո Տիգրան Մաթևոսյանը գրավոր նամակ է ուղարկում հիմնարկի պետին, ով էլ պատասխանում է, որ տվյալ օրը քարտուղարուհու փոխարեն նստած է եղել հավաքարարը. «Քանի որ քարտուղարուհին տեղում չէր, ինքն էր նստել ու որոշել էր կաշառք վերցրել, չգիտեմ, թե քանի հոգուց վերցրած կլիներ, բայց փաստը մնում է փաստ, որ մենք հայտնվեցինք այդ օրը»,- ծիծաղելով պատմում է մեր զրուցակիցը:
Լուսանկարում՝ Տիգրան Մաթևոսյանը