Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը հայտարարություն է տարածել Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ինքնաբուխ հանրային հավաքների իրավաչափության վերաբերյալ: Կազմակերպությունը գտնում է, որ հավաքներն ամբողջությամբ իրավաչափ են:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը դատապարտելով 2015թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների և լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժը, հայտարարում է, որ քաղաքացիական ինքնաբուխ խաղաղ հավաքները՝
– Ամբողջովին իրավաչափ են և համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը (հոդվածներ 1-ին, 2-րդ և 29-րդ), «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (հոդված 11), ՄԱԿ-ի համընդհանուր հռչակագրին (հոդվածներ 20 և 25):
– Ոստիկանության գործողությունները չեն եղել իրավաչափ. Համաձայն Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝ ջրանետեր և զրահամեքենաներ: Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի) (…): Հավաքին մասնակցել են հղի կանայք և անչափահասներ, որոնց նկատմամբ ոստիկանությունը իրավունք չուներ ջրանետեր գործադրել: Բացի այդ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:
– Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` արգելվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: Ոստիկանությունը նաև խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին և ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ:
– Խաղաղ հավաքներին մասնակից քաղաքացիների պահանջները հիմնավոր են և բխում են իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն լինելու գաղափարից, քանզի ՀԷՑ ՓԲԸ-ում տեղ են գտել աննախադեպ չարաշահումներ, որոնց մասին վերջերս բազմաթիվ հրապարակումներ են եղել ԶԼՄ-ներում:
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդը կոչ է անում՝
– Իշխանություններին` քրեական գործ հարուցել և անցկացնել ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժի և բռնությունների կիրառման, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ օբյեկտիվ և թափանցիկ քննություն:
– Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ չեղյալ հայտարարել էլեկտրական էներգիայի թանկացման մասին որոշումը, քանզի թանկացման վճարման բեռը ՀՀ կառավարության վրա թողնելը կրկին անգամ ենթադրում է այդ կուտակած ահռելի պարտքի մարում՝ Հայաստանի Հանրապետության հարկատուների՝ քաղաքացիների ֆինանսական միջոցների հաշվին:
– ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցել և իրականացնել հանրության համար թափանցիկ քննություն՝ էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում կատարված հնարավոր իրավախախտումների բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև պետությանը հասցված վնասը վերականգնելու համար:
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդ