Դատախազները նշում են մասնագիտական տոնը

ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գ. Սահակյանը, ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը, Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը, ՏԿ և ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՀՀ ՊՆ Ս. Օհանյանը, ՀՔԾ պետ Վ. Շահինյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից:

Ըստ աղբյուրի՝ առաջին անգամ դատախազության աշխատակցի օրվա պաշտոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախկին գլխավոր դատախազները:

Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ Նախագահի ուղերձը ընթերցեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ուղերձում մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ դատախազներ,
Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության 97-ամյակի կապակցությամբ:
Այսօր Հայաստանի Հանրապետության դատախազության առջև ծառացած են բազմաթիվ դժվարին խնդիրներ, որոնց շարքում հատկապես կարելի է առանձնացնել օրենքի գերակայության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է, որ մեր երկիրը ժողովրդավարական և իրավական պետություն է: Դա ձեր գործունեության անկյունաքարն է, ուստի և ձեր կառույցին կարևոր առաքելություն է վերապահված մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում:
Դուք պետք է անզիջում լինեք մեր հասարակությունը թուլացնող կոռուպցիայի դրսևորումների հանդեպ, որոնցից ազատվելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ինչն անհնար է առանց ձեր անխոնջ և աննկուն աշխատանքի: Պետք է առաջնորդվեք սկզբունքայնությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ: Վստահ եմ, որ որդեգրելով աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ, դուք կկարողանաք արդյունավետորեն լուծել ձեր առջև դրված խնդիրները:

Ուրախ եմ, որ դատախազության համակարգը շարունակաբար համալրվում է երիտասարդ, բանիմաց ու գիտակ իրավաբաններով: Հավատում եմ, որ այս ոլորտում որակյալ մասնագետների լուրջ ներուժ կա, որը կարող է իրագործել Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն և հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին»:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնելով բոլոր դատախազներին և դատախազական համակարգի աշխատակիցներին ամբողջ ներուժով աշխատելու համար, մաղթեց, որ յուրաքանչյուր տարի այս օրը նշելիս դատախազական համակարգի յուրաքանչյուր աշխատող իր մեջ հպարտանալու առիթ ունենա՝ թե՛ իր կատարած աշխատանքի, թե՛ իր գործընկերոջ կատարած աշխատանքի համար:

ՀՀ գլխավոր դատախազը ընդգծեց, որ յուրաքանչյուր դատախազի պատասխանատու, ազնիվ և արդյունավետ աշխատանքը մեխանիկորեն հանգեցնում է ամբողջ համակարգի գործունեության արդյունավետությանը:

ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ դատախազության համակարգում ներդրված ավանդի համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հատուկ հուշանվերներով պարգևատրվեցին ՀՀ նախկին գլխավոր դատախազներ Արտավազդ Գևորգյանը, Սուրեն Օսիպյանը, Բորիս Նազարյանը, Արամ Թամազյանը և Աղվան Հովսեփյանը:

Մասնագիտական օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազի և պետական մյուս կառույցների ղեկավարների կողմից պարգևների, շնորհակալագրերի, հուշանվերների արժանացան ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվեցին նաև արտահերթ դասային աստիճաններ, մեդալներ և կրծքանշաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել