Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է` հռչակված է մեր երկրի Մայր օրենքի 1-ին հոդվածում, իսկ սոցիալական պետությունը պարտավոր է հոգալ իր յուրաքանչյուր քաղաքացու խնդիրներն այնպես, որ վերջինս ապահովված լինի գոնե նվազագույն կենսապայմաններով:
Պետության հոգածության կարիքն առավել զգում են այն անձինք, որոնք չունեն աշխատանք, ինքնուրույն չեն կարողանում հոգալ իրենց նվազագույն կարիքները: Նշված անձինք, առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ:
Համաձայան «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի` գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի եւ ստացել են գործազուրկի կարգավիճակ:
Գործազուրկի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` օրացուցային 7օրվա ընթացքում, նշված կարգավիճակը ստացած անձինք օրենքով ստանում են ամենամսյա գործազրկության նպաստ:
Գործազրկության նպաստ չեն կարող ստանալ այն անձինք, որոնք ստանում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակներ:
Եթե անձը գործազուրկի կարգավիճակ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նա գործազրկության նպաստի ստացման իրավունք կարող է ունենալ, եթե զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո ձեռք է բերել առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ:
Աշխատանի և Սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայության Արաբկիրի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Գագիկ Կոստանյանի փոխանցմամբ` գործազրկության նպաստ ստանալու ժամկետը 6-ից 12 ամիս է, ինչը կախված է աշխատանքային ստաժից. յուրաքանչյուր երեք տարվա աշխատանքային ստաժը հնարավորություն է տալիս մեկ ամսով ավելացնել գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը, որը սակայն չի կարող մեկ տարուց ավելի լինել:
Զբաղվածության պետական ծառայության Արաբկիր տարածքային կենտրոնի տնօրենի խոսքով` «Նորք» տեղատվական վերլուծական կենտրոնի կողմից յուրաքանչյուր ամիս կատարվում են ստուգումներ պետ. ռեգիստրի և սոցիալական վճարների տեղեկատվական բազաներում, ստացված տեղեկությունները համադրվում են գործազուկների հաշվառման ցուցակների հետ, և եթե հայտնաբերվում է, որ գործազրկության նպաստ ստացող անձը միաժամանակ կատարել է վճարովի որևէ աշխատանք կամ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, ստացած գործազրկության նպաստի ամբողջ գումարը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Աղբյուրը` Իրավաբան.net