Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույց անողների և ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում:
Այն հարցին, թե արդյոք օրինաչափ են եղել ոստիկանների գործողությունները, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ պետք է տարանջատել ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի գործողությունը` դիտարկելով այն համաչափության մեջ.
«Օրինակ` եթե ոստիկանը իրազեկվում է, որ ցույցին ներկա է լրագրող, նա պետք է հաշվի առնի, որ լրագրողը չի դիտարկվում որպես ցուցարար: Եթե, այնուամենայնիվ, ոստիկանության աշխատողը փորձում է լրագրողին բաժին բերման ենթարկել, արդեն այդ գործողությունը համարվում է քրեորեն պատժելի արարք»:
Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ ուսումնասիրելով սակագնի բարձրացման հարցը՝ համամիտ չէ վարչապետի, նախագահի և պաշտոնատար անձանց մեկնաբանությունների հետ, թե սակագնի բարձրացման մեջ ներառված չեն հնարավոր չարաշահումների հետևանքով թալանված գումարները.
«Եթե չլինեին չարաշահումներ ու մսխված չլինեին որոշակի գումարներ, այսօր կարիք չէր լինի բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Մենք կարող էինք ի հաշիվ մեր տնտեսած գումարների` չբարձրացնել արժեքը»,- ասաց փաստաբանը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ պետք է չեղյալ համարել որոշումը և անհապաղ ձեռնամուխ լինել պարզելու, թե ովքեր են յուրացումներ կատարել:
Զարուհի Մանուչարյան
Իրավաբան.net