Freedom House-ը հունիսի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ոստիկանության գործողությունները ցուցարարների դեմ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:
«Ի պատասխան Հայաստանի մայրաքաղաք Երևանում հունիսի 22-ին Ոստիկանության կիրառած բռնությանը և խաղաղ ցուցարարների զանգվածային ձերբակալություններին՝ Freedom House-ը հետևյալ հայտարարությամբ է հանդես գալիս.
«Freedom House-ը դատապարտում է ոստիկանության կողմից 237 խաղաղ ցուցարարների ձերբակալությունը» նշում է Սյուզան Քորկը՝ Եվրասիական ծրագրերի ղեկավարը: «Հազարավոր հայեր, որ երթի էին դուրս եկել Երևանում ընդդեմ լայնատարած կոռուպցիայի, գործարկում էին հավաքների և խոսքի ազատության իրենց սահմանադրական իրավունքները: Հոսպիտալացված քաղաքացիների, ծեծված լրագրողների և կոտրված տեսանկարահանող սարքավորումների նկարները ցույց են տալիս, որ այս իրավունքները ոտնահարվում են: Մենք կոչ ենք անում ցուցարարների դեմ ոստիկանության կողմից անհիմն ուժի կիրառման դեպքերի լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել»:
Հունիսի 22-ին Երևանի փողոցներում ցուցարարները բողոքում էին Հայաստանի Էլեկտրոցանցերի կողմից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ: Ցուցարարները երթը դեպի նախագահական նստավայր արգելափակվում է ոստիկանության կողմից, և ցուցարարները որոշում են նստացույց անել: Հունիսի 23-ի արևածագին ոստիկանությունը բռնությամբ ցրում է ցուցարարներին, ինչպես նաև նստացույցի վայրում գտնվող լրագրողներին: Առնվազն 18 անձ վնասվածքներ է ստացել: Ավելի շատ ցույցեր են տեղի ունեցել երեկ գիշերը՝ առանց միջադեպերի, և դեռ շարունակվում են:
Հայաստանը դասակարգվում է որպես Մասամբ Ազատ երկիր Ազատությունը Աշխարհում 2015թ. ցուցանիշով, Ոչ ազատ՝ Մամուլի ազատությունը 2015թ. ցուցանիշով, և ստանում է 5.37 միավոր Անցումային երկրները 2015թ. ժողովրդավարության 1-ից 7-ը սանդղակում, որտեղ 7-ը նվազագույն ցուցանիշն է,
Freedom House-ը անկախ մոնիթորինգային կազմակերպություն է, որ աջակցում է ժողովրդավարական փոփոխություններին, դիտարկում է ազատության կարգավիճակը ամբողջ աշխարհում և հանդես է գալիս ի շահ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության: