Իհարկե յուրաքանչյուր երեխա պետք է ապրի առողջ ընտանեկան միջավայրում, սակայն միշտ չէ, որ ծնողի հետ ապրելն ու վերջինիս դաստիարակությունը ստանալը բխում է երեխայի լավագույն շահերց:
Բոլոր այն դեպքերում, երբ ծնողն իր ծնողական իրավունքներն օգտագործում է ի վնաս երեխայի շահերի կամ վտանգ է ներկայացնում երեխայի համար, վերջինս դատական կարգով կարող է զրկվել ծնողական իրավունքներից:
«Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են (ընդ որում՝ նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքները), սակայն չեն ազատվում իրենց երեխայի ապրուստը հոգալու (ալիմենտ վճարելու) պարտականությունից»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ընդ որում՝ ժառանգություն ստանալու իրավունքը):
Աղբյուրը` Իրավաբան.net