Աբորտները նվազեցնելուն միտված ուժային մեթոդները հակառակ ազդեցությունը կունենան. նախարար

Սեռով պայմանավորված աբորտների քանակը նվազեցնելու համար որևէ ուժային մեթոդ կիրառելի չէ: Նման համոզմունք ունի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով Իրավաբան.net-ի լրագրողի հարցին, նա հիշեցրեց, որ մշակվել է օրենսդրական նախագիծ, ինչ վերաբերում է ուժային մեթոդներին, այսինքն՝ զրկանքներին կամ արգելանքներին, ապա նախարարի համոզմունքն է, որ դրանց կիրառումը հակառակ ազդեցությունը կունենա. «Եթե մենք ուղղակի օրենքի ուժով արգելենք հղիության ընդհատումները, ապա դա կարող է բերել մայրական մահացության բարձրացմանը»,- ասաց պարոն Մուրադյանը:

Բայց միաժամանակ նա գտնում է, որ առողջապահական համակարգը պետք է քայլեր ձեռնարկի երրորդ երեխայի հետ կապված խնդիրներին անդրադարձ անելու ուղղությամբ. «Հաշվի առնելով, որ ցուցանիշը բավականին բարձր է, երրորդ երեխայի պարագային՝ հարաբերակցությունը տղա-աղջիկ հասնում է մինչև 1.60: Մեզ համար սա մտահոգիչ է, ուստի այն ծրագրերը, որոնք այսօր մշակվել են ու ներկայացվել, միտում ունեն բացատրական աշխատանքների, իրազեկվածության բարձրացման, կնոջ դերի բարձրացման հասարակության մեջ, և իհարկե կնոջ դիմելիությունը և հղիության ընդհատումը պետք է իրարից տարանջատված լինի, եթե չկան հատուկ բժշկական ցուցումներ: Մենք առաջարկություն ենք արել դա օրերի տարանջատումով իրարից առանձնացնել, այսինքն՝ դիմեց կինը և առաջարկեց ընդհատել, նա ունի որոշակի ժամանակ այդ խնդիրը վերլուծելու, բացատրությունը լսելուց հետո, իրազեկվածություն ունենալուց հետո, նոր երեք օր անց կարող է հղիությունն ընդհատել»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ այս ծրագիրը կիրառելի է ողջ աշխարհում:

Նշենք նաև, որ սեռով պայմանավորված աբորտների խնդրին նաև անդրադարձ է կատարվում «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրում: Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:

Այս և այլ խնդիրներով Երևանում կարող եք դիմել Նալբանդյան 7, գրասենյակ 2 հասցեով, (010) 54 01 99, 080001110 հեռախոսահամարով: ՀԵԻԱ-ն ունի նաև մարզային գրասենյակներ: Մանրամասներն՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել