Բարոյական վնասի հատուցման ինստիտուտի «ժլատ» մոտեցման պատճառները

Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին ներդրվել է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը: Քաղաքացիական օրենսգրքի 9-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է ոչ նյութական բարիքներին, իսկ 1087.2 հոդվածով սահմանվում են ոչ նյութական վնասի հատուցման չափերը, որոնք բավականին ցածր են:

Այս ինստիտուտը չի վերաբերում բոլոր իրավահարաբերություններին. խոսքը միայն  չորս տեսակի իրավահարաբերությունների մասին է`  կյանքի իրավունք, խոշտանգումների արգելում, ազատության և անձնական կյանքի անձեռնմխելիություն և անարդարացի դատապարտում:

Թե ինչու՞  է նման «ժլատ» մոտեցում ցուցաբերվել, Իրավաբան.net-ի հետ զրույցում արդարադատության նախկին փոխնախարար և ներկայիս Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը պատասխանեց.

«Օրենսդրական այդ նախաձեռնությունը կենսագործվել է ՄԻԵԴ վճիռների հիման վրա: Մասնավորապես, երկու վճիռների դեպքում ՄԻԵԴ-ը շատ ուղիղ նշել է, որ համապատասխան չորս հոդվածների  խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի բացակայությունը խախտում է Եվրոպական կոնվենցիան: Եվ հենց այս վճիռների կատարման շրջանակներում  էլ արդարադատության նախարարության կողմից կողմից ժամանակին մշակվեց օրենսդրական այս փաթեթը»:

Ռ. Մելիքյանը նշեց նաև, որ այս դեպքում իրավունքների նեղ շրջանակի ընտրությունը կարելի է համարել «պիլոտային ծրագիր», որի արդյունավետ աշխատելու դեպքում ինստիտուտը կարող է տարածվել նաև մյուս իրավունքների վրա: Ավելին` արդեն իսկ կա նման օրենսդրական նախաձեռնություն. «Զուտ մասնագիտական առումով ես կողմնակից եմ աստիճանական մոտեցմանը: Մեխանիզմի կենսունակությունը ստուգելու համար անհրաժեշտ է ժամանակ տալ պրակտիկային»:

Այս նոր ինստիտուտը բավականին փոքր դրամական փոխահատուցումներ է սահամանում, առավելագույն չափը 1 միլիոն դրամն է: Այն դիտարկմանը, որ այս չափն ուղղակի անհամեմատելի է նույն ՄԻԵԴ-ի կողմից սահմանվող հատուցման չափերի հետ, Ռուբեն Մելիքյանն ասաց. «Մենք սահմանել ենք նաև բացառություն, որ բացառիկ հանգամանքների դեպքում չափը կարող է ավելի մեծ լինել: Եվ երկրորդ` այստեղ կարևոր է նաև մեր պետության ֆինանսական հնարավորությունները հաշվի առնել»:

Նրա խոսքով, եթե մեծ չափեր սահմանվեին, ապա դա իրավակիրառողների մոտ օբյեկտիվորեն մոտիվացիա կարող է առաջացնել` օրենքը չկիրառելու, հետևաբար, ավելի լավ է ունենալ իրատեսական և կիրառելի դրույթներ: «Ես էլ եմ համաձայն, որ գուցե չափերը վերանայման կարիք ունեն: Սակայն անգամ վերանայման պարագայում չպետք է մոռանալ պետության հնարավորությունները և չսահմանվեն անիրատեսական չափեր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել