Բռնություններից խուսափելու համար լրագրողները հավաքների մասնակիցներից պետք է տարբերվեն. ՄԻՊ տեղակալ

Լրագրողները բռնությունների ենթարկվում են հիմնականում հանրային հավաքների, բողոքի ակցիաների ժամանակ. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով, որպես խնդրի լուծում կարող է լինել այն, որ նման միջոցառումների ժամանակ լրագրողները տարբերանշաններ կրեն. Սա միջազգային պրակտիկայում ընդունված տարբերակ է:

Ա. Գրիգորյանի խոսքով, հասարակական կարգը պահպանող անձի կամ ոստիկանի պարտականությունն է լրագրողին աջակցել` իր մասնագիտական գործունեությունն իրականցնելու հարցում և կանխել նրա նկատմամբ այնպիսի քայլերը, որոնք կարող են խոչընդոտել նրա աշխատանքը:

Ոստիկանությունը վերջերս առաջարկություն էր արել նույնիսկ հավաքների և բողոքի ակցիաների լուսաբանման համար լրագրողներին հավատարմագրելու ինստիտուտ ներդնել, ինչը սակայն չէր ընդունվել լրագրողական համայնքի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ևս սա ընդունելի տարբերակ չեն համարում.

«Պետք է միանշանակ բացառել լրագրողների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն, պարտականություն դնելը: Առավել ևս, որ դա այնքան էլ իրատեսական չէ: Լրագրողի համար լավ կլինի, որ նա ուղղակի արտաքինից անմիջապես տարբերվի հավաքի մասնակիցներից»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել