Վիրավորված զինծառայողների արտասահմանում բուժվելու ծախսերը կհոգա պետությունը

Կառավարությունն այսօր հաստատեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիա­լա­կան ապահովության մասին» օրեն­քում լրացում կատարելու մասին» օրենքի նա­խա­գծը:

Ըստ որոշման՝ նախագծի ընդունումն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա զինծառայողների որակյալ բժշկական անվճար օգնության ապահովման գործընթացի վրա: Միաժամանակ, խնդրի առաջնային թիրախայնությունն ապահովելու և մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ կապված խնդիրներին առաջնային լուծում տալու համար նպատակահարմար է օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն ընձեռնել մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին:

Առաջարկվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր նախադասություններով, ըստ որոնց՝ Զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում օտարերկրյա պետությունում բուժվելու համար՝ զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Այս իրավունքից կօգտվեն բոլոր զինծառայողները, բացառությամբ նրանց, ովքեր վնասվել են իրենց իսկ կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանքով:

Գործող օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքի բուժումն իրականացվում է գերատեսչական բժշկական հիմնարկներում:

Նախագծում շեշտվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության տարածքում գործող բժշկական հիմնարկներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները չեն մատուցում եւ հետեւաբար զինծառայողին, ով վնասվածք է ստացել զինվորական ծառայության ընթացքում, անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ բուժման նպատակով, պետությունը որեւէ պոզիտիվ պարտականություն չի կրում նրա բուժման, կացության ու ճանապարհածախսի հատուցման մասով: Բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ծառայության են մեկնել լիովին առողջ, ստանալով վնասվածք, որը հնարավոր չէ բուժել Հանրապետության տարածքում, այդպիսով ողջ կյանքի ընթացքում դատապարտվում են գամված մնալու անկողնուն:

«Փաստորեն անձը, ով իր առողջությունը զոհաբերել է հանուն սահմանադրական պարտքի կատարման, լավագույն դեպքում ստանում է պետական պարգեւ, սակայն արտերկրում անհրաժեշտ ու արդյունավետ բուժման ծախսերը պետք է հոգա անձամբ (ինչը մեր պետության միջին եկամտով ապրող ընտանիքների համար հաճախ աստղաբաշխական թիվ է) կամ միջինում 21 տարեկանից դատապարտվի հաշմված ապրելուն: Ընդ որում, պետության կողմից նման վերաբերմունք դրսեւորելը խիստ բացասական ազդեցություն է թողնում զորակոչի վրա:

Ակնհայտ է, որ թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյուններից քաղաքացին, ով վնասվածք է ստացել պետությունը պաշտպանելիս, արժանի է ստանալու համարժեք վերաբերմունք՝ հատկապես առողջության լիարժեք վերականգնման խնդիրը պետության կողմից հոգալու մասով: Սույն նախագծի ընդունմամբ իրավական հիմք եւ դրա հիման վրա ընթացակարգ կսահմանվի զինծառայողի կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումն անհրաժեշտության դեպքում արտասահմանում իրականացնելու համար»:

Այս նախագիծն այսօր ներկայացրեց Սեյրան Օհանյանը, այն մշակել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Սահմանված կարգով հաստատված փաստաթուղթը կներ­կա­յացվի ՀՀ Ազգային ժողով, օրենսդիրի ընդունումից հետո էլ՝ ՀՀ նախագահին: Եթե նախագահը ստորագրի օրենքը, ապա հրապարակելուց հետո տասնօրյա ժամկետում այն կմտնի ուժի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել