«Այս հուշագրի շահառուն լինելու է քաղաքացին»

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ մայիսի 21-ին ստորագրեցին համագործակցության փոխըմբռնման հուշագիր:

Կողմերը կհամագործակցեն մի շարք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ նախարարության համակարգում փաստաբանների դպրոցի ունկնդիրների կամ շրջանավարտների համապատասխան պրակտիկայի կազմակերպում, համատեղ սեմինարների անցկացում, բացի այդ կկազմակերպվեն նաև մասնագիտական դասընթացներ Նախարարության իրավաբանական ինստիտուտում և ՀՀ ՓՊ դպրոցում:

«Սրանով չի ավարտվում մեր համագործակցության ցանկը և բոլոր այն հարցերը, որոնք իսկապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, համատեղ շատ արդյունավետ և օպերատիվ միասին պետք է քննարկենք ու համապատասխան որոշումներ կայացնենք»,- ասաց արդարադատության նախարարը:

Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ հուշագրի հիմքում երկու կառույցներն էլ հաշվի են առել մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը. «Այս հուշագրի շահառուն լինելու է քաղաքացին, հասարակությունը»,- ասաց պարոն Զոհրաբյանը՝ մանրամասնելով, որ երկու կառույցներն էլ նշանակելու են պատասխանատու ներկայացուցիչներ, որոնք համակարգելու են կողմերի միջև հետաքրքրություն առաջացրած աշխատանքները:

ՓՊ նախագահը ընդգծեց, որ ԱՆ գործառույթներից մեկն է նաև իրավական ակտերի փորձաքննությունը, իսկ ՓՊ-ն շահագրգռված է այդ փաստաթղթերի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու, նույնիսկ մասնակցություն ունենալու հարցում, ինչի հնարավորությունը տալիս է հուշագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել