ՀՀ կառավարության այսօրվա նիստին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կներկայացնի մի որոշման նախագիծ, որով առաջարկվում է հստակեցնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման և դեղին հիմնագույնի համարանիշների տրամադրման կարգը, ինչպես նաև կրճատել ավելորդ վարչարարությունը, մասնավորապես ժամանակը և փաստաթղթաշրջանառությունը:
Նախագիծը հաստատելով՝ կառավարությունը փոփոխություն կիրականացնի 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն որոշման մեջ: Մասնավորապես որոշման և հավելվածի վերնագրերից և 1-ին կետից կհանվի «և դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման» բառերը: Այսպիսով՝ վերջնականապես կվերացվի դեղին համարանիշը:
Բացի այդ, կսահմանվի, որ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները պարտադիր տեխնիկական զննություն են անցնելու մինչև դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին լրանալը` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, իսկ թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Տրանսպորտային միջոցը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տեխնիկական զննության ներկայացնելիս պետական տուրքի վճարման անդորրագիր չի պահանջվի: