Փաստաբանը՝ Վալերի Պերմյակովի գործի մասին

Վալերի Պերմյակովի գործում մենք կորցրել ենք ամեն ինչ: Կարծում է փաստաբան Նորայր Նորիկյանը և հետհայացք նետում:

«Մենք կանգնել ենք այսպես ասած դատարկ տաշտակի առաջ և ստանձնել ենք իրադարձություններից հետո արձագանքողի դերը, ցավոք սրտի ՀՀ-ն և նրա իրավասու մարմինները, հատկապես այն մարմինները որոնց վրա ՀՀ օրենսդրության սահմանված կարգով դրված է հանցագործությունների բացահայտման և կանխարգելման առաքելությունը, չգտնվեցին ժամանակին իրենց բարձրության վրա, ավելին՝ թաքնված համաձայնությամբ կամ լռելայն համաձայնությամբ հնարավորություն տվեցին ՌԴ իրավասու մարմիններին այսպես ասած արգելանքի վերցնելու կամ հայտնաբերելու Վալերի Պերմյակովին, ինչը հնարավորություն տվեց ՌԴ կողմին հղում կատարելու ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածին, որի ուժով Պերմյակովը դարձավ հանձնման չենթարկված անձ ՀՀ-ին»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ փաստաբանի՝ ՀՀ քաղաքացիների ցասումը, որը հունվար ամսին արտահայտվեց բողոքի լայնածավալ ակցիաների տեսքով, ամբողջությամբ արդարացված էր. «Անկեղծ ասած՝ ես մեղադրելու ոչինչ չունեմ ռուսական կողմին, այն պաշտպանել է իր շահերը այլ խնդիր է, թե մենք արդյոք գիտակցում ենք, թե Ռուսաստանի Դաշնության և մեր շահերի համադրման սահմանը որտեղ է, նրանք արեցին հնարավորինն ու անհնարը ամենաբարձր մակարդակով իրենց զինծառայողին այլ պետության՝ տվյալ դեպքում ՀՀ-ին չհանձնելու համար: Ես պնդում եմ, որ ՀՀ պետական սահմանը ՀՀ իրավազորության ներքո գտնվող սահման է, ՌԴ ռազմաբազայի հետ շփոթել պետք չէ, այլ հարց է, որ միջազգային պայմանագրերով այն ապահովում է ՌԴ զինված ուժերը, սակայն այն հանդիսանում է ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածք»,- այնպես որ, փաստաբանի փոխանցմամբ, հայկական կողմն ուներ բոլոր իրավասությունները Վալերի Պերմյակովին արգելանքի վերցնելու և նրան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու:

Փաստաբանի համար արդեն երկրորդական է այն հանգամանքը, թե արդյոք կենթարկվի՞ Վալերի Պերմյակովը քրեական պատասխանատվության և ի՞նչ պատժաչափ նրան կտրվի. «Ես այս հարցին նայել եմ ՀՀ սահմանադրության ոգով և ՀՀ օրենսդրության կատարման տեսանկյունից և կարող եմ ասել, որ մենք դառը ապտակ ենք ստացել այն իմաստով, որ մենք չենք կարողացել մեր տարածքում իրագործել մեր օրենքները, իսկ դա համենայն դեպս ինձ համար սկզբունքային հարց է»,- ամփոփեց պարոն Նորիկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել