ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Ոստիկանության և «Երեխաների աջակցության կենտրոնի» համատեղ կազմակերպված կլոր սեղան-քննարկման ուշադրության կենտրոնում էր ոլորտում տարբեր դերակատարների ջանքերի համակարգումը՝ երիտասարդության և երեխաների շրջանում իրավախախտումները կանխելու նպատակով:
Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել վերջերս մշակված ուղեցույցն այն կազմակերպությունների մասին, որոնք ապահովում են սոցիալական ծառայություններ երեխաներին և նրանց ընտանիքներին և նախաձեռնել նոր ծրագիր՝ աշխատելու անչափահասների իրավախախտումների կանխման ռազմավարության մշակման ուղղությամբ: Ուղեցույցը ներառում է երկրում բոլոր սոցիալական ծառայությունների մասին ամփոփ տեղեկատվություն՝ այդ թվում 236 հասարակական կազմակերպության, 23 հիմնադրամի, երեք ասոցիացիայի և ութ եկեղեցական միավորի կողմից մատուցվող տաս ծառայությունների վերաբերյալ:
«Մենք հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կլինի օգտակար և գործնական երեխաների պաշտպանության և սոցիալական մասնագետների համար՝ միավորելու և կրկնապատելու ջանքերը՝ երեխայի իրավունքների և լավագույն շահերի պաշտպանության ամրապնդման ուղղությամբ, որը ԵԱՀԿ մարդկային ոլորտում հանձնառությունների կարևոր մաս է՝ ընդունված ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից», – ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Լիլիան Շալառուն: Նա նշեց, որ սերտ համագործակցությունը ընտանիքների, դպրոցների և համայնքների շրջանում կենսական է՝ մշակելու Հայաստանում անչափահասների կողմից իրավախախտումների կանխարգելման ռազմավարություն՝ երեխայակենտրոն արդարադատության չափորոշիչներին համապատասխան:
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ ՀՀ ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, մարզպետարանների երեխաների պաշտպանության բաժինների, քաղաքացիական հասարակության, որոնք զբաղվում են անչափահասների իրավախախտումներով:
«Երեխաների աջակցության կենտրոնի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը նշեց. «Մենք ցանկանում ենք կոչ անել մեր գործընկերներին և բոլոր շահագրգիռ կողմերին համագործակցել նոր ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել պետական մարմինների՝ անչափահասների իրավախախտումների կանխմանն ուղղված ջանքերին»:
Կլոր սեղանը հաջորդում է անցյալ տարի Հայաստանի տարբեր մարզերում «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված մի շարք համաժողովներին՝ խթանելու անչափահաս իրավախախտների հարցերով զբաղվող պետական և ոչ պետական կառույցների միջև ավելի լավ համակարգում և ավելի սերտ համագործակցություն:
Ուղեցույցը հասանելի է միայն հայերեն լեզվով և տեղադրված է հետևյալ կայքէջում https://www.osce.org/yerevan/157266.