Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի», «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ի վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 160,000 (հարյուր վաթսուն հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ:
Կառավարության այսօրվա նիստին Արդարդատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ներկայացնելով համապատասխան նախագիծը, հայտնեց, որ գերատեսչությունը ուսումնասիրություն է կատարել, որում համեմատական է բերվում այլ երկրների հետ:
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ 2010 թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. մայիս 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի վերաբերյալ գործերի քանակը եղել է 3-ը, դրանցով փոխհատուցման համար բավարարված գումարը կազմում է 585 հազար 804 եվրոյին համարժեք դրամ: Համեմատության համար վերցրել ենք մի քանի երկրներ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն չի գտնվում վատ վիճակում ընդհանուր պատկերի մեջ, այլ կարելի է ասել, որ բավականին բարենպաստ պայմաններ ունենք՝ այսպես կոչված «պարտված գործերով» փոխհատուցման գումարների ծավալի տեսակետից, այնպես էլ գործերի քանակի տեսակետից, որոնցով երկիրը պարտություն է կրել ՄԻԵԴ-ում»,- ասաց պարոն Մանուկյանը՝ ներկայացնելով երկրները:
Ուշագրավ է, որ այդ երկրների շարքում չկար հարևան Վրաստանը, որտեղ պարոն Մանուկյանը նախկինում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել, փոխարենը համեմատվում էր Ադրբեջանի ցուցանիշների հետ:
«Ադրբեջանի վերաբերյալ գործերի քանակը մեր 31-ի առումով եղել է 104, վճարված գումարի չափը 1 մլն 575 հազար եվրոյին համարժեք դրամ, Մոլդովան՝ 179 գործ, բավարարված, բավարարված գումարը 2 մլն 578 հազար 230 եվրոյին համարժեք գումար, Բուլղարիայի վերաբերյալ գործերը եղել են 300-ը, բավարարված գումարը՝ մոտավորապես 4 մլն եվրո, Հունգարիայի վերաբերյալ գործերը 393 գործ, 4 մլն 300 հազար եվորից մի փոքր ավելի գումար: Այսպիսով այս վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր իրավիճակը բավականին բարվոք է այս առումով, սակայն սա չի նշանակում, որ մենք պիտի բավարարված համարենք մեր գործունեությունը և որևէ քայլեր չձեռնարկենք իրավիճակը շտկելու համար»,- ասաց պարոն Մանուկյանը:
Ըստ նախարարի՝ կոռեկտ չէ այն հարցադրումը, որ ֆինանսական հետևանքներ պետք է ունենան նմանատիպ վերպետական ատյանի վճիռներից հետո կոնկրետ պատասխանատու դատավորի կամ այլ սուբյեկտի համար, կոռեկտ չէ և եվրոպական իրավունքի տեսանկյունից ընդունելի չեն. «Մեր վերլուծությունները նաև վերաբերել են այս թեմային, մենք՝ Կոնվենցիայի անդամ որևէ երկիր չենք գտել, որը ֆինանսական պատասխանատվություն է նախատեսում մասնավորապես դատավորների համար՝ նման դեպքերում»,- նշեց Հովհաննես Մանուկյանը, ով 2005-2008թթ. եղել է վճռաբեկ դատարանի նախագահ:
Նշենք նաև, որ այս գործերից միայն մեկով՝ «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով է, որ վճռաբեկ դատարանը՝ Հովհաննես Մանուկյանի նախագահությամբ մերժել է, մյուս գործերով վճռաբեկ դատարանի մերժումները եղել են Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարումից մեկ ամիս առաջ: