Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և համաներման ինստիտուտները փոխլրացնում են միմյանց. ՄԻՊ տեղակալ

Համաներման որոշումն ընդունվում է պետության համար նշանակալի իրադարձության հետ կապված, շատ դեպքերում այն տարածվում է որոշակի խումբ անձանց վրա: Փոխանցեց ՄԻՊ տեղակալ Արման Գրիգորյանը: Նա բերեց երկու օրինակ միջազգային փորձից. «ՌԴ-ում 1990-ական թթ.-ին եղել է տնտեսական-քաղաքական համաներում, որը տարածվել է տարադրմային գործառնություններում խախտում կատարելու համար դատապարտված անձանց վրա: Սա մի քրեական իրավախախտում է եղել, որն արդեն գործնականում կորցրել է իր նշանակությունը ու չի կիրառվել: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել համաներում կիրառել: Կամ օրինակ՝ Հյուսիսային Կովկասում զինված ընդհարումների ժամանակ իրավախախտումների կատարած անձանց ևս ազատել են քրեական պատասխանատվությունից և պատժից, այսինքն՝ դա եղել է մի ռազմաքաղաքական իրավիճակ, որտեղ անձիք տարբեր հանցանքներ են կատարել ու զուտ քաղաքական կամքի արդյունքում որոշում է կայացվել, որ նրանք ազատվեն պատասխանատվությունից»,- նշեց մեր զրուցակիցը:

ՄԻՊ տեղակալն անդրադառնալով որոշ փաստաբանների այն պնդումներին, որ եթե լիարժեք գործեր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն, ապա համաներման կարիքը չէր լինի, ասաց. «Համաներման ինստիտուտը և քրեաիրավական ինստիտուտը՝ որպես պատժից ազատման, դատվածության վերացման, պատժի չկրած մասն ավելի մեղմ տեսակով փոխարինելու, գաղափարն ու էությունը այլ է: Ընդ որում՝ եթե պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը ենթադրում է նշանակված պատիժը որոշակի ժամկետ կրած լինելու դեպքում միայն պատժից ազատում, համաներման որոշումը նախատեսում է ոչ միայն պատժից ազատում, այլ նաև պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ որակով կամ դատվածության վերացում»,- նշեց պարոն Գրիգորյանը՝ հավելելով, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և համաներման ինստիտուտները փոխլրացնում են միմյանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել