Երևանը, որը ամբողջ տարվա ընթացքում աչքի է ընկնում իր բազմաթիվ և տարատեսակ սրճարաններով, ռեստորաններով և բարերով, կարող է այցելուներին առաջարկել այն ամենը, ինչ նրանց պետք է։ Երեվանյան սրճարաններից շատերը այցելուներին գրավում են իրենց բարձրակարգ սպասարկումով և մատչելի գներով։ Սակայն, հաճախ, չհետևելով «առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքին, և՛ հաճախորդները , և՛ սպասարկող անձնակազմը բախվում են տարատեսակ խնդիրների։
«Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, ինչպես նաև տվյալ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով»,- iravaban.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ:
Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցնովի վաճառքը: Ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ալկոհոլային խմիչքների իրացումը:
Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
Վաճառողը պարտավոր է ապահովել վերոնշյալ պահանջների կատարումը:
Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները:
Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):
Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:
Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ և կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և ազգային ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:
Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:
Աշխատողներից՝ սրահի վարիչը, բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը և բուֆետապանը պետք է ունենան համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ:
Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա վերջնական գինը:
Աղբյուրը՝ իրավաբան.net