Բերդում ավազակային հարձակում կատարողներից երկուսին ձերբակալեցին

Ապրիլի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Վարդան Գ.-ն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ ապրիլի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, նույն քաղաքի բնակիչներ` «Մոնի» մականունով Արամ Խ.-ն եւ նրա մերձավոր ոմն Արթուրը իր տան առջեւ ծեծի են ենթարկել իրեն եւ բացահայտ առեւանգել ու հափշտակել իրեն պատկանող, 2.500.000 դրամ արժողության «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաջորդ օրը՝ ապրիլի 22-ին, ժամը 03-ի սահմաններում, Արամ Խ.-ն իրեն անհայտ մեկ այլ անձի հետ ապօրինի մուտք են գործել իրենց տուն, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել, կյանքի եւ առողջության համար դանակի գործադրմամբ վտանգավոր բռնության սպառնալիքով պահանջել են իրենց տալ 15.000 ԱՄՆ դոլար եւ տան ոսկյա զարդերը, սակայն ոչինչ չգտնելով՝ սպառնացել են հաջորդ օրը ժամը 10.00-ին գալ գումարը վերցնելու եւ իր ավտոմեքենան նրանց անունով գրանցելու:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամ Խ.-ն ՌԴ քաղաքացի, 1964 թ. ծնված Արամ Խ.-ն է, Արթուրը` 1989 թ. ծնված Արթուր Ն.-ն, իսկ երրորդ անձը` 1988 թ. ծնված Մհեր Թ.-ն:

Արամ Խ.-ն եւ Մհեր Թ.-ն ձերբակալված են:

Արթուր Ն.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Վարդան Գ.-ի հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար:

Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել