«Ես կին եմ» բեմադրությունը Աբովյանի քրեակատարողական հիմնարկում

Երեք տարբեր կանայք, երեք տարբեր պատմություններ: Ընդհանուր է միայն նրանց ճակատագիրը, որոնցում ամբողջացված է յուրաքանչյուրի պատմությունը:

«Ես կին եմ» մոնոլոգ ներկայացումն արդեն 2 տարի է ինչ բեմում է: Այն բեմադրվում է «Թատրոն 8» թատերախմբի և ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի համատեղ ջանքերով: Ներկայացումը երեք կանանց մասին է, որոնք ապրելով տարբեր և ուրիշ կյանքեր այն հանգուցալուծում են նույնօրինակ:

Առաջին կերպարը մի կին է, ով իր կյանքում երբեք էլ առաջինը չեղավ` ընտանիքում, հանրությունում, ինչպես նաև իր սիրեցյալի` Վահանի համար:

Հաջորդը միայնակ կնոջ կերպար է, ով փոքր տարիքում սեռական բռնության ենթարկվեց հոր կողմից, անտեսվեց հանրության կողմից, վաճառվեց անծանոթ տղամարդկանց և միայն վերջում գտավ իր ամբողջությունը` իր ներսում` իր չսպասված բալիկի հետ:

Երեխայի հայրը` մեծահարուստ Վահանը, ստիպում էր հրաժարվել երեխայից: Բազմաթիվ աբորտներից հետո, սակայն, կինը չհրաժարվեց երեխայից:

Կին, ով ունեցել է ամեն ինչ: Ստացել է այն ամենը ինչ սիրտը կամեցել է, սակայն այդ ամենին վերջակետ դրվեց, երբ նա հանդիպեց իր Վահանին: Վահանը անտարբեր էր, հետո պարզվեց` թմրամոլ է դարձել, երբ գումարները վերջացած, պարտքի դիմաց վաճառեց կնոջը, իսկ հետո երբ ցանկանում էր վաճառել աղջկան սպանվեց կնոջ կողմից: Կանայք անանուն են, տղամարդիկ բոլորի մոտ` Վահան:

«Վահանը նախ հենարան է բոլորիս համար, հետո նոր անուն», ասում է մոնոլոգի դերասանուհի Ժաննա Հովակիմյանը: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի խոսքերով ներկայացումը մեր իրական կյանքի արտատպումն է, այն անառողջ իրականության, որի մասն էլ մենք ենք. «Ընտանիքում չպետք է լինի բռնություն, քանի որ դա ստեղծում է անառողջ ընտանիք, իսկ անառողջ ընտանիքը անառողջ հանրություն է, անառողջ հանրությունը` անառողջ պետություն»:

Ներկայացումը բեմադրվել է տարբեր բեմերում: Ամենավերջինը` Աբովյանի Քրեակատարողական հիմնարկն էր, լսարանը` դատապարտյալ կանայք: Ներկայացման մտահաղացումը ծագել է այն բանից հետո, երբ համահեղինակները Նյու Մեքսիկայում մասնակցելով փառատոնի ներկա են եղել այնտեղի քրեակատարողական հիմնարկում բեմադրվող ներկայացման: Այնտեղ խաղում էին դատապարտյալները, այստեղ դերասաններն էին դատապարտյալի կարգավիճակում ազատազրկման ենթարկված կանանց առաջ:

«Լսարանը ուրիշ էր ու դա ստիպում էր լինել ավելի պատասխանատու ու ավելի զգույշ ամեն բառի համար: Ես չգիտեի ինչ արձագանք կստանար ներկայացումը, միգուցե չընկալվեր այնտեղի կանաց կողմից և նրանք մեզ կմեղադրեին նրանում, որ մենք իրականում չգիտենք, թե ինչ կյանք է դա: Բայց մենք թեկուզ չենք անցել այդ ճանապարհը, բայց այն վերարտադրել ենք բեմում` տեղ հասցնելով մեր մեսիջը իրենց»,-ասում է Ժաննան:

Ժաննան խոստովանում է, որ բարդ և պատասխանատու ելույթ էր: Նրան ամենաշատը մտահոգում էր կանանց արձագանքը, արդյոք նրանք կհասկանան գաղափարը և տեղ կհասնի ասելիքը:

«Իրականում այնտեղի կանայք ոչնչով վատը չեն ազատության մեջ գտնվողներից: Կյանքում պատահում են դեպքեր, որոնց պատճառով կարող ես հայտնվել նրանց կարգավիճակում և դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Մենք բոլորս հավասար ենք»:

Նախկինում ներկայացումը բեմադրվել է փոքր տարածությունում, և դերասանները մոտ են գտնվել լսարանին: Ասում են` այդպես ազդեցությունը ավելի մեծ է լինում: Քրեակատարողական հիմնարկը իր տեսակով առաջինն էր: Ժաննան ասում է, որ կցանկանար ներկայացումը խաղալ մի խցում, որտեղ շատ մոտ կգտնվեր դատապարտյալներին: Չնայած հեռավորությանը ասելիքը տեղ հասավ, ամեն դեպքում ներկայացումից հետո կանայք ասացին. «Այսօր, երբ գնանք մեր խցեր, մտածելու լիքը բան կլինի»:

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի խոսքերով կարելի է մտածել ներկայացում, որտեղ դերասանները կլինեն դատապարտյալ կանայք: Դա բացի կրթական գործառույթից նաև հաճելի զբաղմունք կլինի նրանց համար:

Ներկայացումն ավարտվեց: Վարագույրը չիջավ, իսկ ծափողջյուններ հնչեցին:

Հերմինե Վիրաբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել