Մարզպետարանի վարորդն արդարացվել է

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի արդեն նախկին վարորդ, 23-ամյա Ստեփան Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով սառը զենք կրելը, առաջադրված մեղադրանքով ճանաչվել է անմեղ և արդարացվել` հանցակազմի բացակայության հիմքով:

Ստեփան Հովսեփյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է:

Ըստ մեղադրանքի՝ Ստեփան Հովսեփյանը, աշխատելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանում՝ որպես վարորդ, 2014թ. մայիսի 04-ին իրեն ամրակցված և իր կողմից վարած ավտոմեքենայի սրահում` վարորդի նստատեղի աջ կողմում գտնվող պահատուփի մեջ և ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակի ռետինե գորգի տակ, պահել և դրանով իսկ այն անմիջապես գործադրելու հնարավորություն ունենալով ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենքերի շարքին դասվող, արհեստագործական եղանակով պատրաստված կռփազենք և մահակ, որոնք  06.05.2014թ. ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հարթակում գտնվող Ստեփան Հովսեփյանի վարած ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

Մեղադրանքի հիմքում դրվել է քննիչ Ա.Խլղաթյանի կողմից 06.05.2014թ. կատարված խուզարկության արձանագրությունը: Ըստ դրա՝ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հարթակում խուզարկության է ենթարկվել Ստեփան Հովսեփյանի վարած ավտոմեքենան, որի ընթացքում սրահից հայտնաբերվել և առգրավվել է`առջևի նստատեղերի մեջտեղից պոկված հենակ-դարակից` պահախցից մեկ հատ սև գույնի կռփազենք «կաստետ», իսկ առջևի աջ նստատեղի հատակից, ռետինե գորգի տակից` մեկ հատ սև գույնի ռետինե բռնակով մետաղյա մահակ:

Ըստ արձանագրության` խուզարկությունը կատարվել է երկու ընթերակաների մասնակցությամբ և ոստիկանության երկու աշխատակիցների ներկայությամբ:

Դատարանում հետազոտված քրեական գործի նյութերից պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել և ՀՀՈ Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից` մասնակցությամբ ընթերակաների և ավտոմեքենայի վարորդ Ստեփան Հովսեփյանի, ՀՀՈ Աշտարակի բաժին է տեղափոխվել 2014թ. մայիսի 05-ին ժամը 05:10-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 11 փողոցի 35 տան մոտակայքից, ընդ որում, ավտոմեքենան ինչպես հայտնաբերման պահին, այնպես էլ ոստիկանության տուգանային հրապարակում զննության չի ենթարկվել և ի պահ չի հանձնվել: Չկան տեղեկություններ այն մասին, թե ինչ վիճակում է ավտոմեքենան տեղափոխվել ՀՀՈ Աշտարակի բաժնի տուգանային հրապարակ, այնտեղ գտնվելու ընթացքում ավտոմեքենայի դռները կողպվե՞լ են, թե՝ ոչ, պահպանության հանձնվե՞լ է, թե՝ ոչ, խուզարկությունը կատարելու ժամանակ ավտոմեքենայի դռները ու՞մ կողմից և ի՞նչ կարգով են բացվել:

Ավտոմեքենայի խուզարկությունը կատարվել է հաջորդ օրը` 06.05.2014թ. ժամը 18:00-ից 18:50-ը՝ ՀՀՈ Աշտարակի բաժնի տուգանային հրապարակում:

Դատարանն արձանագրել է, որ խուզարկությունը կատարվել է քրեադատավարական օրենքի մի շարք խախտումներով, այն է` խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշմանը քննիչը չի ծանոթացրել Ստեփան Հովսեփյանին, խուզարկությունը և հայտնաբերված իրերի առգրավումը կատարելիս չի ապահովվել Ստեփան Հովսեփյանի, կամ ավտոմեքենան տնօրինող մարմնի, տվյալ դեպքում Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցչի ներկայությունը, այն դեպքում, երբ ավտոմեքենայի վարորդ Ստեփան Հովսեփյանը որպես կասկածյալ եղել է ձերբակալված և պահվել է նույն բաժնի ձերբակալված անձանց պահման վայրում:

Հետագայում էլ խուզարկության արձանագրությունը չի ծանոթացվել Ստեփան Հովսեփյանին և արձանագրության պատճենը նրան չի հանձնվել: Քննիչի կողմից թույլ են տրվել ինչպես քննչական գործողության կարգի խախտումներ այնպես էլ խախտվել են կասկածյալ Ստեփան Հովսեփյանի իրավունքները` խուզարկության որոշմանը ծանոթանալու, քննիչի գործողություններին ներկա գտնվելու, առգրավման ենթակա առարկաները կամովին հանձնելու և հայտարարություններ անելու վերաբերյալ, այսինքն՝ խուզարկությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների խախտումներով:

Խախտվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ (Քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը), 1881-րդ (Նախնական քննության ընդհանուր պայմանները) հոդվածների պահանջները:

Դատարանն արձանագրել է, որ նշված խախտումները ինչպես առանձին, այնպես էլ համակցության մեջ հանդիսանում են էական և գտնում է, որ ավտոմեքենայի՝ 06.05.2014թ. կազմված խուզարկության արձանագրությունը պետք է ճանաչել որպես անթույլատրելի ապացույց:

Գործով որպես Ստեփան Հովսեփյանի մեղադրանքը հիմնավորող ապացույցներ են ներկայացվել նաև մետաղյա կռփազենքը և մահակը զննության ենթարկելու մասին կազմված արձանագրությունը, այդպիսիք իրեղեն ապացույց ճանաչելու մասին կայացված որոշումը, մեկ վկայի  ցուցմունքը և քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` փորձաքննության ներկայացված սև գույնի մետաղյա առարկան պատրաստված է արհեստագործական եղանակով, կռփազենքերի նմանողությամբ, դասվում է հարվածող-փշրող սառը զենքերի շարքին: Այսինքն՝ գործով մեղադրանքի հիմքում դրվել են այնպիսի ապացույցներ, որոնց բովանդակությունն ամբողջությամբ բխում է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ կատարված քննչական գործողությունից` 06.05.2014թ. կատարված խուզարկությունից:

Դատարանը գտել է, որ նշված տվյալները անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում են իրենց իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը, չեն կարող ընդգրկվել սույն քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում:

Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու համար:

Մինչդեռ նախաքննության, ինչպես նաև դատարանում ամբաստանյալ Ստեփան Հովսեփյանը պնդել է, որ աշխատանքի ընդունվելուց որոշ ժամանակ անց, ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով, ավտոմեքենայի մեջ պահել է մեկ հատ մետաղյա կռփազենք և մեկ հատ մետաղյա մահակ: Մասնավորապես, կռփազենքը պահել է ավտոմեքենայի առջևի երկու նստատեղերի միջնամասում գտնվող կափարիչով պահատուփի մեջ, իսկ մահակը պահել է ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակի գորգի տակ, և դրանց մասին մոռացել է, քանի որ երբևէ չի օգտագործել: Ընդ որում, նստատեղերի միջնամասերում գտնվող կափարիչով պահատուփը եղել է կողպեքով, մշտապես կողպված, իսկ կողպեքի բանալին պահել է սրահի առջևի աջ նստատեղի դիմաց գտնվող պահախցիկում: Կռփազենքը գտնվել է պահատուփի հատակին, իսկ վրան լցված են եղել բազմաթիվ փաստաթղթեր և իրեր(…):

Երբ 14.05.2014թ. քննիչից ստացել է իրեն ամրակցված ավտոմեքենան, տեսել է, որ ավտոմեքենայի առջևի երկու նստատեղերի միջնամասում գտնվող պահատուփը տեղահանված և գցած է սրահի հետևի հատվածում, իսկ պահատուփի կափարիչը կոտրած, պոկված է: Պահատուփն օգտագործման համար այլևս պիտանի չի եղել, և այն ինքը դեն է նետել: Նշված սառը զենքերն ինքը պահել է ավտոմեքենայի սրահում, սակայն դրանք երբևէ չի կրել և կրելու նպատակ չի ունեցել:

Ըստ դատավճռի՝ քրեական գործով հաստատվել է, որ Ստեփան Հովսեփյանի վարած ավտոմեքենայում, սառը զենք հանդիսացող կռփազենքը պահված է եղել սրահի առջևի երկու նստատեղերի միջնամասում գտնվող, կողպեքով կափարիչով պահատուփի մեջ, որի մեջ եղել են նաև փաստաթղթեր, իսկ մահակը` սրահի առջևի աջ նստատեղի հատակի գորգի տակ:

Դատարանը գտել է, որ սույն գործով սառը զենք հանդիսացող կռփազենքի գտնվելը ավտոմեքենայի սրահի առջևի երկու նստատեղերի միջնամասում տեղադրված կափարիչով պահատուփի մեջ, իսկ մահակի գտնվելը ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղի հատակի գորգի տակ, համարվում է ոչ թե կրել, այլ պահել, որը քրեական պատասխանատվություն չի առաջացնում:

Ստեփան Հովսեփյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Անդրանիկ Բարսեղյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել