2014 թվականի օգոստոսի 3-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցի շենքերից մեկի դիմաց քաղաքացի Սարգիս Կ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Ալմաստ Ջ.-ին` անզգուշությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ալմաստ Ջ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ 2014 թվականի օգոստոսի 10-ին, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով գիտակցության չգալով, մահացել է:Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: