Գառնու տաճարը պղծած ռուս քարոզիչը 2 ամիս կալանքի տակ կլինի և պետությանը կվճարի 840 հազար դրամ

Նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն, ով ռուսական ուղափառ եկեղեցու քարոզիչ է, այցելել է Գառնու հեթանոսական տաճար և տաճարի պատի վրա կարմիր ներկով գրել է «в мире идол ничто» (թարգմանությունը` աշխարհում կուռքը ոչինչ է):

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, Մաքսիմը Վրաստանից ժամանած է եղել Հայաստան` տեղի հուշարձան սրբավայրերը տեսնելու համար: Իմանալով, որ Գառնու տաճարում հավաքվում են հեթանոսներ և ծեսեր կատարում, այցելել է տաճար և հիշյալ գրությունը արել տաճարի պատին: Տարածքում գտնվող անծանոթ քաղաքացիները և զբոսաշրջիկները, տեսնելով Մ.Նիկիտենկոյի արարքը, հանդիմանել են նրան, նախատել և ձայն տվել տաճարի հսկիչ Սամսոն Ռոստոմյանին: Վերջինս մոտենալով և տեսնելով Մ.Նիկիտենկոյի կողմից կատարված գրառումը՝ զանգահարել է ոստիկանություն:

Դատավարության ժամանակ Մաքսիմ Նիկիտենկոն իր դեմ առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասով մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանում տված ցուցմունքով հայտնել է, թե զբաղվում է մուսուլմաններով, հեթանոսներով, սատանականներով:

Նա հայտնել է նաև, թե տաճար այցի ժամանակ նախ փորձել է գտնել հեթանոսներին և զրուցել նրանց հետ, սակայն չհանդիպելով հեթանոսների տաճարում սուրբ ջուր է ցանել և ցանկացել շինության ներսում խաչ նկարել և հասկացնել ժողովրդին, որ իրական հավատքը աստծուն ծառայելն է և ցանկացել է բացատրել, թե ով է պատկերված խաչի վրա:

Սակայն ջրցանելուց հետո բալոնե սրվակում գտնվող կարմիր ներկով, տաճարի հետնամասի պատերի վրա գրառել է կտակարանյան այս խոսքերը` «в мире идол ничто»:  Երբ իր վրա մարդիկ են հարձակվել և այդ ներկով իր դեմքը ներկել, փորձել է բացատրել, որ իր նպատակը հուշարձանը պղծելը չի եղել, սակայն իրեն ոչ ոք չի լսել և վիրավորել են: Անգամ ինքը տնօրենին առաջարկել է տեղում լուծել ֆինանսական հարցերը, որոնք կապված են այդ ներկի մաքրման հետ, քանի որ որոշել է մաքրել իր այդ գրառումը, սակայն տնօրենը հրաժարվել է և հայտնել է, որ եղելությունը կպարզեն ոստիկանությունում:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Մաքսիմ Նիկիտենկոյին, և որպես պատիժ նշանակել 2 ամսվա կալանք: Նաև վճռել է հօգուտ ,«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատկական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Նիկիտենկոյից բռնագանձել 839.390 դրամ:

Նշենք նաև, որ դատավճիռը հրապարակվել է ապրիլի 16-ին և մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել վերադաս ատյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել