Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ, այցելեց Արցախի պետական համալսարան:
Պատվիրակության անդամներին ընդունեց համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մանուշ Մինասյանը: Ակադեմիայի ռեկտոր Ռ. Մելիքյանը ներկայացրեց Արդարադատության ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, նաև խոսեց ուսումնական գործընթացին առնչվող հարցերի մասին: Հանդիպման ընթացքում կարևորվեց գրագետ և բանիմաց շրջանավարտներ ունենալու հարցը, քանի որ Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի այսօրվա ուսանողներից շատերը կարող են լինել Ակադեմիայի վաղվա ունկնդիրները:
Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը ԱրՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների առաջ հանդես եկավ դասախոսությամբ: Այն նվիրված էր ժամանակակից քրեական դատավարության զարգացման ուղղություններին: Քննարկվող թեմայի շրջանակում և՛ դասախոսներին, և՛ ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ էին: Պատասխանելով ներկաների հարցերին՝ ռեկտոր Ռ. Մելիքյանը խոսեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի առանձին դրույթների և դրանց կարևորության մասին:
Ուսանողները երախտագիտություն հայտնեցին այցի և դասախոսության համար՝ ցանկություն հայտնելով նման ձևափափով հանդիպումները հաճախակի դարձնել:
ԱրՊՀ ռեկտորն իր հերթին կարևորեց այս հանդիպումը,՝ այն համարելով չափազանց օգտագակար ապագա իրավաբանների համար: Արդարադատության ակադեմիայի ռեկտորը նաև ներկա գտնվեց համալսարանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ուսանողական նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:
Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին