19-ամյա կուրսանտի սպանության մեջ մեղադրվողները ալկոհոլի ազդեցության տակ են եղել

19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության 4 մեղադրյալները սպանության ժամանակ եղել են ալոկոհոլի ազդեցության տակ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը, նշելով, որ արդեն իսկ ստացվել են դատաթունաքիմիական և դատանյութագիտական փորձաքննության եզրակացությունները:

Փաստաբանը հայտնեց նաև, որ թեև փորձանմուշը հանձնվել է սպանությունից ժամեր անց, սակայն, ալկոհոլի մակարդակը արյան մեջ բավականին զգալի է եղել` համաձայն փորձաքննության արդյունքների:

Գ. Գալիկյանը հայտնեց նաև, որ ներկայումս սպասում են նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը. Այս դեպքում կտրվեն այն հարցի պատասխանները, թե ինչի հետևանքով և ինչ պայմաններում է մահը վրա հասել:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել