Իրանի քաղաքացի Արմոն Օհանջանյաննամագերդին 2010 թվականի հուլիսի 16-ին մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, Հայաստանի տարածք է տեղափոխել խոշոր չափերի՝ 12.477.120 դրամ արժողության ապրանքներ՝ նաբաթ, պիստակ, սիսեռ, դդմի կորիզ և նուշ: Փաստի առթիվ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: 4215 կգ ընդհանուր կշռով ապրանքը ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ հանձնվել «Ուրարտու» ՍՊ ընկերության մաքսային պահեստին:
Նախաքննության ընթացքում կոմիտեի նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությանհամաձայն` վերը նշված ապրանքատեսակների մանրածախ միջին արժեքը 2010թ. հուլիսի 16-ի դրությամբ կազմել է 15.596.400 դրամ, իսկ մեծածախ արժեքը՝ 12.477.120 դրամ:
Գործը քննող ավագ քննիչը ընթերակաների ներկայությամբ ապրանքներից փորձանմուշներ է վերցրել` փորձաքննության հանձնելու համար, իսկ մյուս մասը հանձնվել է պահեստին, այնուհետև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. հոկտեմբերի 27-ի դատավճռի համաձայն՝ իրեղեն ապացույց հանդիսացող և ընկերության մաքսային պահեստ ի պահ հանձնված 4.215 կգ ընդհանուր կշռով հաստատվել է, որ այն անհրաժեշտ է բռնագրավել հօգուտ պետության:
Սակայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնում 2010թ. դեկտեմբերի 6-ին հարուցված կատարողական վարույթի ընթացքում պարզվել է, որ ընկերության մաքսային պահեստ ի պահ հանձնված 4.215 կգ ընդհանուր կշռով պարկերի մեջ գտնվող պիստակը, սիսեռը, նաբաթը, դդմի կորիզը կրծողների կողմից ամբողջովին վնասվել են, կատարողական թերթի պահանջը չի կատարվել և վերոնշյալ ապրանքները պետական բյուջե չեն բռնագրավվել:
Ոստիկանության Էրեբունու բաժնում 2012թ-ի հոկտեմբերին 11-ին Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցել: Եվ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերության տնօրեն Ռազմիկ Դարբինյանը (ով ՀՀ նախկին վարապետ, ներկայումս Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հայրն է,- հեղ.) չի պահպանել ՀՀ Կառավարության 2002թ. հունիսի 22-ի թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման» կարգի 6-րդ կետի պահանջը, որի համաձայն՝ կազմակերպիչը պետք է ապահովի մաքսային պահեստների սանիտարահիգիենիկ պայմանները, պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը, որի հետևանքով ոչ պիտանի է դարձել մաքսանենգության առարկա հանդիսացող, հօգուտ պետության բռնագանձված ապրանքները՝ պետությանը պատճառելով 12.477.120 դրամի վնաս:
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ընկերության տնօրեն Ռազմիկ Դարբինյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 186.1-րդ հոդվածով՝ այն է իր պարտականություններն անբարեխիղճ կամ անփույթ կատարելն այն անձի կողմից, որին հանձնարարված է գույքի պաշտպանությունը կամ պահպանությունը, եթե դրա հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող վնասում կամ կորուստ, եթե չկան պաշտոնեական հանցագործության հատկանիշներ… նախատեսված հանցագործության հատկանիշներ:
Սակայն 2013թ. դեկտեմբերի 26-ին կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու և Ռազմիկ Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով՝ քրեական պատասխանատվության համար նախատեսված վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Եվ քանի որ քրեական գործի վարույթը կարճվել է, հետևաբար՝ պետությանը պատճառված 12.477.120 դրամի վնասը բռնագանձելու հայց քրեական դատավարության կարգով չի հարուցվել, իսկ Ռ.Դարբինյանը իր ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը կամովին չի վերականգնել, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը դիմել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` գումարը բռնագանձելու պահանջով:
Քաղաքացիական այս գործը քննվում է դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ: Վերջինիս որոշմամբ, նշնակվել է դատասննդային փորձաքննություն` պարզելու համար, թե հիշյալ ապրանքը կարող էր պահպանված լինել իր ապրանքային տեսքը և օգտագործելի համարվեր սննդի մեջ, եթե այն ներկրվել է Պարսկաստանից չօդափոխվող մեքենայով, մսաոսկրային ալյուրի հետ և պահվել է մսաոսկրային ալյուրի պարկերի տակ, արդյո՞ք սիսեռը հում է եղել, թե եփված, և արդյո՞ք այդ վիճակում կարող է որպես սնունդ պիտանի լինել և արդյո՞ք այն կարող էր պիտանի լինել ներկումից 14 ամիս անց, եթե պահվել է կապարակնքված պահեստում:
Ամենայն հավանականությամբ, այս փորձաքննության եզրակացությունը ստացվելուց հետո գործի քննությունը վերսկսվել է: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 17-ին:
Նշենք նաև, որ դատասննդային փորձաքննություն նշանակելու դատարանի որոշումից տեղեկանում ենք նաև, որ պատասխանողն առարկել է հայցապահանջի դեմ` հայտնելով, որ ապրանքներն իրենց չի հանձնվել ընդունման-հանձնման ակտով: Ավտոմեքենայով բեռնված ապրանքները իրենց հանձնելու ժամանակ արդեն իսկ եղել են վատ վիճակում, քանի որ այն թաքցված է եղել մսալյուրով /անասնակեր/ լի պարկերի տակ, բացի այդ այն պահվել է կապարակնքված չօդափոխվող ավտոմեքենայում, այսինքն նշված ապրանքների փչացման պրոցեսը սկսվել է համակցված կոմբի կերի գարշահոտությունից, և այդ պատճառով էլ, այն պահվել է ոչ թե նորմալ պահեստում, այլ փչացած ապրանքների պահեստում: