Ապրիլի 9-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքով անցնող Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Պարզվել է, որ Գետիկ գետը վարարել է, և ջուրը լցվում է հարակից մոտ 8 տան բակեր և նկուղներ: Հրշեջ-փրկարարները մարզպետարանի և գյուղապետարանի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկաների միջոցով Նոր Գյուղում գետի երկայնքով ափապաշտպան հողը բարձրացրել են (մոտ 200 մ հատված, մոտ 50սմ), Մայակովսկի գյուղում գետի հունը մաքրել են մոտ 60 մ հատված, իսկ Բալահովիտ-Աբովյան խաչմերուկի մոտակայքում` մոտ 20 մ հատված, ինչի արդյունքում ջրի մակարդակը իջել է մոտ 15 սմ: Գետի հունի մաքրման աշխատանքները կշարունակվեն ապրիլի 10-ի առավոտյան:
Ապրիլի 10-ին, ժամը 10.00-ին Նոր գյուղ գյուղ է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն, աջակցել մաքրման աշխատանքներին: Հատուկ տեխնիկայի օգնությամբ մաքրվել է գետի հունը: Ապրիլի 11-ին, ժամը 00.25-ին իրավիճակը կրկին ճշտելու համար դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Տիեզերագնացների հրապարակին հարակից տարածքում կատարված չափումների արդյունքում պարզվել է, որ գետի մակարդակը չի բարձրացել: