Հայաստանում թրաֆիկինգը շարունակում է մնալ խնդիրներից մեկը: Թրաֆիկինգը կարգավորող իրավական դաշտի և վիճակագրության մասին Իրավաբան.net-ը զրուցել է «Հույս և օգնություն» ՀԿ նախագահի` Ենոք Շատվորյանի հետ:
– Հայաստանում ինչպիսի՞ն են վիճակագրական վերջին տվյալները թրաֆիկինգի`ժամանակակից ստրկության վերաբերյալ:
– Տարիներ առաջ դեպքերի մեծամասնությունը բացահայտվում էր հասարակական կազմակերպությունների կողմից: Այսօրվա դրությամբ բացարձակ մեծամասնությունը բացահայտվում է ոստիկանության կողմից, որը շատ լավ արդյունք է: Ուստի վիճակագրության մասին թող ոստիկանները խոսեն:
– Ընդհանուր առմամբ այդ թիվը աճել է, թե՞ նվազել:
– Ընդհանուր տարափի մեջ հայտնաբերման դեպքերը նվազել են: Եթե տարիներ առաջ սեռական թրաֆիկինգն էր առաջին տեղում, ապա հիմա աշխատանքայինն է: Քանի որ ՌԴ-ի աշխատանքային օրենսդրությունը միգրանտների համար փոխվել է, գուցե դա հնարավորություն կտա նվազեցնել կամ վերացնել աշխատանքային թրաֆիկինգը:
– Իրավական դաշտում ինչպե՞ս է կարգավորվում այս խնդիրը:
– Բացի գործողներից, 2015թ-ի հունիսից ուժի մեջ կմտնի «Մարդկանց թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենք: Այս նոր հոդվածը ուժի մեջ մտնելուց հետո ազգային ուղորդման կարգը`«Թրաֆիկինգի տուժածներին աջակցություն կազմակերպելու» վերաբերյալ փաստաթուղթը, կկորցնի իր ուժը: Որովհետև այստեղ աջակցությունը կազմակերպելու համար այլ կարգ է ձևավորված: Առաջացել է միջանկյալ մի օղակ` նույնականացման հանձնաժողով անվամբ, որի կազմի մեջ են մտնում հասարակական կազմակերպությունների, իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Նրանք մինչ քննության, քրեական հետապնդման ավարտն, արդեն կարող են որոշում կայացնել` տվյալ անձը թրաֆիկինգի զոհ է, թե՝ ոչ: Ուղորդման կարգով մինչ քրեական գործով քննիչը տուժող չէր ճանաչում, հնարավոր չէր կազմակերպել պետական աջակցություն: Ըստ նոր՝ օրենքի դեպքը կա, հանձնաժողովի կողմից լիազորվում է, որպես թրաֆիկինգի զոհ: Դա լիովին բավարար է, որ պետական աջակցությունը տրամադրվի այդ մարդուն: Սա կարևոր քայլ է, մարդկաց օգնելու համար: Ուրիշ խնդիր է, որ պետության հնարավորությունները այնքան էլ լայն չեն մարդկանց օգնելուն նպաստելու առումով:
– 2003թ-ին թրաֆիկինգը քրեականացվեց: Ինչպիսի՞ն էր պատկերը մինչ այդ և դրանից հետո ի՞նչ փոխվեց:
– Ոստիկանությունը մինչ այդ միջոցներ` համապատասխան հոդվածներ չուներ դրա դեմ պայքարելու համար: Նմանատիպ դեպքերի հանդիպելով` այլ հանցագործությունների համար նախատեսված հոդվածների էին օգտագործում` մարմնավաճառությանը նպաստելը, կազմակերպելը և այլն: Քրեական օրենսգրքի մեջ մտավ 132-րդ հոդվածը տվյալ հանցագործության վերաբերյալ: Մինչ այդ չկար նմանատիպ հոդված պատժամիջոցներ կիրառելու համար: Երևույթն էլ, որը գոյություն ուներ դեռևս 90-ական թվականներից, սկսեց ծաղկելը: 2003թ-ին էր, որ քրեականացմամբ ամեն ինչ իր տեղը դրվեց: Եվ արդեն 2004թ-ի հունվարին առաջին դեպքը գրանցվեց ոստիկանների կողմից: Դրանից հետո բացահայտումները հաջորդեցին մեկը մյուսին:
– Ինչպիսի՞ն է օրենսդրական դաշտն այսօր Հայաստանում:
Մեր օրենսդրական դաշտը այսօրվա դրությամբ լավագույններից է աշխարհում իր իդեալականին մոտ օրենսդրությամբ: Իզուր չէ, որ Հայաստանը գնահատվում է առաջին խմբի երկրների շարքում: ԱՄՆ կառավարությունը տարին մեկ անգամ կատարում է երկրների գնահատում 3 խմբային համակարգում՝ ըստ թրաֆիկինգի նկատմամբ իրենց վերաբերմունքի: 1-ին խմբում այն երկրներն են, որոնք ունեն մեխանիզմներ թրաֆիկինգի դեմ պայքարելու համար: 2-րդում թերի մեխանիզմներ ունեցողներն են, բայց իշխանությունները դրսևորում են կամք թրաֆիկինգի դեմ պայքարելու համար: 3-րդ խմբի երկրները ո՛չ ճանաչում են, ո՛չ էլ որոշակի քայլեր են ձեռնարկում: 2001թ.-ին Հայաստանը երրորդ խմբում էր, այնուհետև երկրորդ` վերահսկման, իսկ այսօր արդեն առաջին խմբում է:
-Ի՞նչ է սպասվում թրաֆիկինգի կազմակերպչին:
– Տրվում է մոտ 14 տարի ազատազրկում: Այսինքն՝ գրեթե այնքան, որքան դիտավորյալ սպանության որոշ դեպքերում: Եթե հաշվի առնենք, որ նույնիսկ մեկ տարի ազատազրկումը շատ ծանր իրավիճակ է առաջացնում, ապա կարող ենք ասել, որ պատիժը շատ ծանր է: Կազմակերպիչների մոտ 99 տոկոսը` հիմնական մասը, կանայք են: Նրանք են բոլոր փուլերի մասնագետները:
-Ի՞նչ է անհրաժեշտ թրաֆիկինգը արմատախիլ անելու համար:
– Պետք է ստեղծել երազելի հասարակություն, որտեղ ամեն մարդ իր սրտին մոտ գործունեությամբ է զբաղված: Դրա դիմաց էլ ստանում է բավարար վարձատրություն` նպատակ չդնելով ուրիշին շահագործել իր սեփական կարիքների համար: Եթե սա հնարավոր է, ուրեմն հնարավոր կլինի նաև թրաֆիկինգն արմատախիլ անել: Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մասին է: Աղքատ երկրների բնակիչները, ցանկություն ունեն ավելի լավ ապրել, գնում են հարուստ երկիր` օգտվելով ցանկացած առաջարկից:
-Կարո՞ղ ենք ասել, որ անապահով խավի ներկայացուցիչներն են դառնում թրաֆիկինգի զոհ:
– Իհարկե: Այսօրվա դրությամբ ոչ մեկին ծեծելով չեն տանում շահագործելու: Առաջարկություն են ստանում գնալ և վաստակել, այն էլ, եթե ճանապարհածախսը իրենցը չէ` ուրիշինն է: Կարելի է ասել սա խաղատան էֆեկտն է գործում. բոլորը գնում են` պարտվում, բայց բոլորն էլ հույս ունեն, որ կշահեն:
Հարցազրույցը՝ Տիգրանուհի Հարությունյանի