Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել նոր քրեական գործ հարուցել սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ սահմանը հատելու փորձի առթիվ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց փաստաբանը:
«Հիմանական նպատակը հետևյալն էր. այդպիսով կփորձենք նոր երաշխիքներ ապահովել, ավելի ամուր դիրքերից հանդես կգանք Պերմայկովին արտահանձելու պահանջը ներկայացնելիս, և երկրորդ` որպեսզի մանրակրկիտ քննություն կատարվի, թե իրականում որտեղ, երբ, ինչ հանգամանքներում և ում կողմից է հայտանաբերել և ձերբակալել նա, ինչը կարծում եմ քննության համար կարևոր նշանակություն ունի»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Նա նշեց նաև, որ վերոհիշյալ հարցերը կարող են պարզվել նաև սպանության գործով, սակայն դրանք կարող են համարվել որպես երկրորդային, իսկ ահա նոր հարուցվելիք քրեական գործի դեպքում դրանք անմիջական կարևոր հանգամանքներ են և պետք է պարզվեն: