ՀՀ ՊՆ N զորամասի վաշտերից մեկի հրամանատար Աշոտ Վ.-ն՝ ծնված 1988թ.-ին, իր ընկեր, համածառայակցի վարձակալած տանը 2012 թվականի սեպտեմբեր ամսին ծանոթացել է քրեական գործով տուժող 1997 թ.-ին ծնված Նարինե Ս.-ի հետ: Դրանից հետո Աշոտն ու Նարինեն միմյանց հավանել են, սկսել են շփվել և ընկերություն անել, Աշոտը հաճախ գնացել է տուժողի տուն:
Նրանք, ծնողների թույլտվությամբ, հանդիպել են նաև դրսում, միասին մասնակցել հարսանիքի: Չնայած այս հանգամանիքն՝ Նարինե Ս.-ի հարազատները Աշոտ Վ.-ին զգուշացրել են, որ Նարինեն անչափահաս է, և որ մինչև նրա 16 տարին լրանալը ամուսնության մասին խոսք լինել չի կարող:
2012 թվականի դեկտեմբերի 1-ին Աշոտ Վ.-ն, չարաշահելով Նարինե Ս.-ի վստահությունը, նրան ասելով, որ տանում է տուն, դրա փոխարեն, գաղտնի առևանգել է: Տեսնելով, որ Աշոտն ավտոմեքենան չի կանգնեցնում և իրեն տուն չի տանում, Նարինեն զանգահարել է քրոջը` Գոհար Առաքելյանին, ու հայտնել, որ Աշոտն իրեն «փախցնում է»: Առևանգման մասին տեղեկանալով` Նարինեի հայրը և քեռին գնացել են նրանց հետևից, կանգնեցրել են Աշոտի ավտոմեքենան և Նարինեին վերադարձրել տուն: Հաջորդ օրը Աշոտ Վ.-ն ծնողների հետ գնացել է Նարինե Առաքելյանի տուն և նշանադրել են նրան, պայմանով, որ մինչև վերջինիս 16 տարին լրանալը ամուսնության մասին խոսք չի լինելու:
Բացի այդ, քրեական գործով հիմնավորվել է, որ 2012 թվականի դեկտեմբերի 24-ին Աշոտ Վ.-ն իր ծնողների հետ գնալով Նարինե Ա.-ի տուն՝ առաջարկել է նրան տանել իրենց տուն հյուր` հարազատների հետ ծանոթացնելու: Նարինեի ծնողները համաձայնվել են, սակայն զգուշացրել են, որ դեռ նրա ամուսնանալու տարիքը չէ: Նույն օրը Աշոտը Նարինեին տարել է իրենց տուն, որտեղ 2012 թվականի դեկտեմբերի 25-ին առանց բռնության գործադրման, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել տասնվեց տարին չլրացած Նարինեի հետ: Այդ օրվանից սկսած վերջիններս ապրել են համատեղ ամուսնական կյանքով, արդյունքում Նարինեն հղիացել է: Ընտանեական անախորժությունների պատճառով նա 2013 թվականի նոյեմբերի 10-ին կանչել է ծնողներին և նրաց հետ հեռացել Աշոտի տանից, իսկ 2014 թվականին ծննդաբերել:
Այս երկու դրվագներով Աշոտ Վ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Առաջին ատյանի դատարանը 2014թ. նոյեմբեր ամսին Աշոտ Վ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարգում, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Աշոտ Վ.-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով:
Մեղադրող կողմը առաջին ատյանի դատարանի վճիռը բողաքարկել է, սակայն Վերաքննիչ քրեական դատարանն այն մերժել է:
2015թ.-ի հունվարի 22-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Դատարանը գտել է, որ բողոքում բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը և դրանց հիմնավորումները՝ որոշելով վերադարձնել: