Ինչպե՞ս պայքարել ստվերի դեմ. փաստաբանի մեկնաբանությունը

Ստվերի դեմ պայքարելու համար օրենսդրական փոփոխության խնդիր չկա: Կարծում է «Կոնցեռն-Դիալոգ» ընկերության տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը:

Իրավաբան.net-ին նա փոխանցեց. «Ճիշտ է հարկային օերնսդրությունը շատ խառն է, չկա Հարկային օրենսգիրք, բացակայում են հստակ կարգավորումները, բայց հավատացեք՝ ստվերի դեմ պայքարելու համար ընդամենը կամք է հարկավոր: Հասարակ օրինակ բերեմ՝ եթե մեծ ընկերությունում, փաստացի, աշխատում է մինչև 500 մարդ, սակայն ցույց են տալիս 100-ին, հաստատ օրենքը չի խանգարում, որպեսզի ստուգող մարմինները գնան ու այդ չարաշահումները վեր հանեն, արձանագրեն»:

Պարոն Ասատրյանը նաև հայտնեց, որ շատ հաճախ քաղաքացիներն աշխատում են ծանր պայմաններում՝ չստանալով համապատասխան վարձատվություն, սա նույնպես պատկան մարմինների տեսադաշտից դուրս է մնում. «Եթե մարդիկ աշխատում են արաբներից մի քիչ վատ վիճակում, հատկապես Երևան քաղաքից դուրս, աշխատում են գիշերային ժամերին, արտաժամյա, վտանգավոր պայմաններում և որևէ հավելումներ դրա համար չեն ստանում, դժվար չէ դա արձանագրել, ընդամենը պետք է գիշերային ժամերին գնալ այդ գործարանի կողքն ու պարզել, թե քանի մարդ է աշխատում և արձանագրել խախտումը»,- ասաց փաստաբանը:

Մեր զրուցակիցը նաև կարծիք հայտնեց, որ ոլորտային խնդիրները գալիս են նաև պետական ապարատից. «Մեր երկրում չգիտես՝ ինչու վերևից ներքև ճիշտ չեն ներկայացվում խնդիրները: Երբ ես աշխատում էի պետական ապարատում, ինքս եմ տեսել, որ ներքևից զեկուցելիս շատ փաստեր չեն արձանագրվում, ու սա համատարած երևույթ է: Ես վստահ եմ, որ այս խնդրիների մասին նորմալ զեկուցելու դեպքում, մարդիկ կհասկանան՝ որտեղից սկսել: Ես չեմ կարող հստակ ասել, թե ինչու է այսպես հիմա, բայց ես մի բանում համոզված եմ, որ եթե ցանկանում են ստվերի դեմ պայքարել, դա ստացվում է»,- եզրահանգեց ՍեդրակԱսատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել