Կալանավոր Արտակ Ա-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության իր ծանոթ աշխատակիցը լավատեղյակ լինելով, որ մեղադրվում է գողություններ կատարելու համար և գտնվում է նյութական ծանր վիճակի մեջ, առաջարկել է իրեն 15 հազար ՀՀ դրամի դիմաց ընդունել իր կողմից չկատարված մի շարք գողությունների կատարումը: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից:
Արտակ Ա.-ն համաձայնվել է և, վերցնելով նշված գումարը, ընդունել է իր կողմից չկատարված 13 դրվագ գողության դեպքերը: ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: