Այս պարագայում հակակոռուպցիոն պայքարը արդյունավետ չի լինի. Մարատ Ատովմյան

ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը ողջունելի է համարում ՀՀ կառավարության, մասնավորապես` Արդարադատության նախարարության ջանքերը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շուրջ ՀԿ-ների հետ բանակցելու պատրաստակամությունը, սակայն մյուս կողմից գտնում է, որ նախարարությունը ոչ մի քայլ չի իրականացնում կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու համար. «Եթե հարցը դիտարկենք արդյունավետության տեսանկյունից, ապա այստեղ խնդիրներ ունենք: Մենք ներկայացրել ենք բազմաթիվ առաջարկություններ, դրանք կարելի է երկու մասին բաժանել, առաջին` առավել ռազմավարական բնույթի առաջարկություններ, որ մենք կողմնակից ենք ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտի ներդրմանը, երկրորդ` մենք համարում ենք, որ միակ ճիշտ ելքն անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելն է: Այդ կոնցեպտուալ հարցերն ընդունելի չեն ՀՀ կառավարության, արդարադատության նախարարության համար»,- նշեց փաստաբանը:

Վերջերս ՀԿ ներկայացուցիչները հանդիպում ունեցան Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ` պնդելով իրենց համոզմունքը. «Մենք ի սկզբանե ասել ենք ու հիմա էլ նույնն ենք պնդում, որ այն կառույցները, որոնք նախատեսվում են կառավարության նախագծով, ըստ էության բեկում չեն մտցնի կոռուպցիայի դեմ պայքարում: Կարծում եմ` ավելի լավ կլինի չշտապել, բայց քննարկել բոլոր մոդելները»:

Պարոն Ատովյանը նաև փոխանցեց, որ մեր կառավարությունը չի ցանկանում դուրս գալ ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության համար հիմք հանդիսացած հայեցակարգի շրջանակներից: Նա նշեց, որ այս հայեցակարգն ընդունվել է առանց ՀԿ-ների հետ բանակցման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել