Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին: Հրամանագրով սահմանվում է, որ ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանդիսանում է գլխադասային մարմին: Ստորև ներկայացնում ենք հրամանագրից հատվածներ: Ամբողջական հրամանագիրը կարող եք գտնել ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Ելնելով միջազգային տնտեսական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության շրջանակներում պետական մարմինների գործունեությունը համակարգելու և ներդաշնակեցնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների համակարգում Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանդիսանում է գլխադասային մարմին՝ սույն հրամանագրի 2-րդ կետով նախարարության համակարգմանը վերապահված հարցերով:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը համակարգում է՝

1) Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային (տարածաշրջանային) տնտեսական կառույցների և միությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների աշխատանքները տնտեսական ոլորտում.

2) Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

4) Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ իրականացվող տնտեսական քաղաքականության ներդաշնակեցմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

5) Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը.

6) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը.

7) Եվրոպական միության կողմից տրամադրվող աջակցության և Եվրոպական միության գործիքակազմի շրջանակներում նախատեսված տնտեսական ծրագրերի իրականացումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել