Հունվարի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ Արման Գեղամյանի գործով արդարացման դատական ակտ է կայացրել:
Մեղադրական եզրակացության համաձայն` Արման Գեղամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով գործով չպարզված հանգամանքներում և ժամանակ ապօրինի ձեռք է բերել և իրացնելու նպատակով Երևան քաղաքի Մայիսյան 33 Ա շ. 9 բնակաչանում ապօրինի պահել առանձնապես խոշոր չափի 3.82 գրամ քաշով մետամֆետամին տեսակի թմրամիջոց և 0.85 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, որոնք 2013թ. հունիսի 5-ին հայտնաբերվել են ՀՀ կենտրոնականի բաժնի աշխատակիցներ կողմից:
Արման Գեղամյանի իրավունքները պաշտպանել են փաստաբաններ Արմինե Ֆանյանն ու Ռոման Ահարոնյանը:
Արմինե Ֆանյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ Արման Գեղամյանի հետ համատեղ բնակվող ընկերուհին վիճաբանությունից հետո զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ընկերը թմրանյութի վաճառքով է զբաղված. «Նա այդ ժամանակ եղել է թմրանյութերի ազդեցության տակ, ոչ ադեկվատ վիճակում զանգահարել է ոստիկանություն և ասել, որ Արման Գեղամյանը զբաղվում է թմրանյութի ապօրնի շրջանառությամբ: Ոսիկանները եկել են, դեպքի վայրի զննություն իրականացրել, առանձնապես խոշոր չափերի թմրանյութ առգրավել, հարուցվել է քրեական գործ»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նույն օրն աղջկան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ, անտեսելով նրա վիճակը, վերջինիցս հանցագործության մասի հաղորդում են վերցրել. «Հաղորդման մեջ էլ իրավաբանական տերմինալոգիայով հենց «թմրանյութի ապօրինի շրջանառություն» եզրույթն են օգտագործել, մեզ համար հենց առաջին հայացքից ակնհայտ էր, որ հուշում է եղել»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ այդ օրը իր վստահորդը տանը չի եղել:
Փաստաբանի խոսքերով` ողջ քրեական գործը կառուցվել է այդ աղջկա բացատրության վրա, իսկ Ա. Գեղամյանը փաստաբանին պարզաբանել է, որ վիճաբանել է ընկերուհու հետ ու վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել. «Վստահորդս պնդեց, որ ինքը բացառապես թմրանյութերի շրջանառությամբ չի զաղվում, և իր ընկերուհին վրեժից ելնելով է այդ զանգը կատարել ոստիկանություն»:
Աղջկա բացատրությունից հետո, վերջինիս` նախաքննության փուլում հրավիրում են հարցաքննության, նա փաստաբանի հետ ներկայանում է ու ամբողջովին հերքում իր բացատրությունը` պարզաբանելով, որ իր ընկերը թմրանյութերի շրջանառությամբ չի զբաղվել, ինքը ստել է` հավանաբար խանդից դրդված: Նա 4 անգամ հարցաքննվում է ու պնդում, որ բացատրությունը տալիս եղել է ոչ ադեկվատ վիճակում:
Փաստաբանը շեշտեց նաև, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով` ապացույց է հանդիսանում ցուցմունքը, այլ ոչ թե բացատրությունը. «Բայց մեր քրեական վարույթ իրականացնող մարմիններն ամբողջ քրեական գործը կառուցում են այդ բացատրության վրա, այն ճանաչում են այլ փաստաթուղթ, քանի որ ցուցմունքը հերքում է ամենը, ցուցմունքով չէին կարող Գեղամյանին պատասխանատվության ենթարկել: Ոստիկանությունից ստանում են ահազանգի վեծանումը, որտեղ աղջիկը սարսափելի անհեթեթ բաներ է ասում, ակնհայտ երևում է, որ այդ մարդը ոչ ադեկվատ է: Նախաքննության փուլում բազմիցս քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ենք արել, բայց այդ բոլորը մերժվել են»,- ասաց Արմինե Ֆանյանը` հավելելով, որ Ա. Գեղամյանը կալանքի տակ է եղել 2013թ. դեկտեմբերի 25-ից:
Մեր զրուցակից փոխանցմամբ` ապացուցման զանգված չունեցող գործն ի վերջո ուղարկվում է դատարան: Դատարանում պաշտպանական կողմը պնդում է, որ դեպքի վայրը զննվել էլ բազմաթիվ քրեադատավարկան խախտումներով: Փաստաբանը մեզ ներկայացրեց երկու հանգամանք: Նախ` պաշտպանական կողմը համոզված է, որ ընթերականեր չեն եղել դեպքի վայրում, իսկ արձանագրության մեջ կան ակնհայտ ուղղումներ, որոնք բովանդակային առումով ազդում են դրա հավաստիության վրա:
Գործը դատարանում քննվել է 2014թ. հոկտեմբեր ամսից. «Դատարանում պայքարեցինք, հիմնավորեցինք, որ բացատրությունը չի կարող դիտարկվել որպես ապացույց, առավել ևս քրեական գործին իբրև ապացույց ոչ մի դեպքում չի կարող ծառայել թմրանյութերի ազդեցության տակ տրված բացատրությունը: Վերջերս էլ Վճռաբեկ դատարանի նամանբնույթ նախադեպ է եղել, որտեղ ցուցմունքն էր տրվել թմրանյութերի ազդեցության տակ, այսինքն` ավելի բարձր երաշխիքներ ունեցող ապացույց` ցուցմունք, ոչ թե բացատրություն, որն ընդհանրապես ապացույց չէ»,- եզրահանգեց փաստաբանը:
Դատավոր Արմեն Բեկթաշյանն իր դատավճռով Արման Գեղամյանին ճանաչել է անմեղ՝ նշելով, որ կատարված հանցագործությունում նրա մեղավորությունն ապացուցված չէ: Ամբաստանյալի խափանմա միջոցը` կալանավորումը վերացվել է և նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից: