Նոր մանրամասներ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված հարձակումից

Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:

Ստացվել է տուժող Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ ի լրումն փորձագետի թիվ 2158/հ եզրակացության։

Ըստ փորձագետների՝ Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի ցնցման, վերին շրթունքի, աջ ակնակապճի վերին և ստորին կոպերի փափուկ հյուսվածքների սալջարդերի և արյունազեղումների ձևերով, պատճառվել են բութ առարկայի/ների/ ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը քրեական գործի շրջանակներում ճանաչվել է որպես տուժող եւ հարցաքննվել։

Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, եւ նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանությունը դեկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել ՀՀ քաղաքացի Արշակ Սվազյանին:

Նույն օրը վերջինս խոստովանական ցուցմունքներ է տվել , որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, նախապես մուտք է գործել Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտք և սպասել շենք մուտք գործող Արամ Մանուկյանին, որից հետո շքամուտքի վերելակի դռների դիմաց մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին և դիմել փախուստի: Դեպքի ժամանակ հագին եղել են մուգ կտորից բաճկոն և տաբատ, կրել է բրդե գործվածքով պատրաստված մուգ մոխրագույն գլխարկ:

Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ա.Սվազյանը մատնացույց է արել դեպքի վայրը, հայտնաբերվել և առգրավվել են դեպքի օրը կասկածյալի հագին եղած հագուստները:

2014 թվականի դեկտեմբերի 19-ին Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Հարցաքննվել են նաև վկաներ, դեպքի վայրի զննության ժամանակ առգրավվել է Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտքը նկարահանող տեսախցիկի՝ դեպքի ժամանակահատվածի տեսագրությունը, որով նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ա.Սվազյանի բնակության վայրում եւ բնակարանի օժանդակ շինություններում կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսներ, որոնք ենթարկվել են զննության:

Առգրավված բջջային հեռախոսների մեջ շահագործվող բջջային հեռախոսահամարների վերծանումներն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը բավարարվել է և կատարման համար ուղարկվել համապատասխան բջջային օպերատորներին:

Ա.Սվազյանի անվամբ հաշվառված բջջային հեռախոսահամարների առկայությունը և դեպքի ժամանակահատվածում դրանց վերծանումներն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը բավարարվել է և կատարման համար ուղարկվել բջջային օպերատորներին:

Դեպքից հետո Ա.Սվազյանի փախուստի ճանապարհի վրա տեսանկարահանող սարքերի առկայությունը պարզելու ուղղությամբ կատարվել է զննություն, որի ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Սոսեի փողոցում գտնվող երկու տների վրա տեղադրված են տեսանկարահանող սարքեր, որոնց զննությամբ հիմնավորվել է, որ դրանք նկարահանում են միայն տների բակը և շքամուտքը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել