Կարևորվեց ՆԱՏՕ-Հայաստան քաղաքական երկխոսության շարունակումը

Հունվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրային: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների առկա մակարդակը՝ կարեւորելով Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը:

Զրուցակիցները կարևորեցին ՆԱՏՕ-Հայաստան քաղաքական երկխոսության շարունակումը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացումը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց՝ Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին Հայաստանի շարունակական աջակցության համար:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ևս հունվարի 15-ին հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Արտակ Զաքարյանը նշել է, որ խորհրդարանն ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի միջոցառումներին, իսկ խորհրդարանական վեհաժողովների ժամանակ առավել ուշադրության են արժանանում տարածաշրջանային խնդիրները:

Ըստ նրա` Հայաստանը տարեցտարի ավելի դինամիկ մասնակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում` կարեւորելով զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքները, ինչպես նաեւ՝ պետություն-զինված ուժեր հարաբերություններն ավելի բաց ու թափանցիկ դարձնելուն միտված հարցերը:

Ջեյմս Ապատուրայի պատվիրակությանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կողմերը նշել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը համագործակցության հիմնական ուղղություններով և առկա ձևաչափերով` պաշտպանական բարեփոխումներ, ռազմական կրթություն և վարժանքներ, բարեվարքության ամրապնդում և այլն:

Լուսանկարը՝ mil.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել