Մենք պետք է արդյունքներ ապահովենք և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի. Հովիկ Աբրահամյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2015թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստից առաջ վարչապետի առաջարկությամբ կառավարությունը հոտնկայս հարգել է Գյումրիում ոճրագործության զոհ դարձած մեր քաղաքացիների հիշատակը:
Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը: Հաստատվել են ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և միջոցառումների հիմնավորումները, գերակա խնդիրները և դրանց հիմնավորումները: Հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:
Խնդրո առարկայի վերաբերյալ իր նկատառումներն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Երեկ մենք բավական ժամանակ քննարկել ենք այս հարցը. կատարված է մեծ աշխատանք, կան նաև բացթողումներ: Գերակայությունները և միջոցառումները միայն պարտադիր, նվազագույն անելիք են: Ես ակնկալում եմ ավելին, ես ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ, և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի համար, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի, ծառայությունների որակի համար: Նախաձեռնողականության հետ մեկտեղ ես ակնկալում եմ աշխատանքի որակ և ամենակարևորը՝ կարգապահություն: Նախաձեռնողական, բայց հում և չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն: Լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ, և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Ես այստեղ թղթաբանության համար չեմ. մենք պետք է արդյունքներ ապահովենք և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի: Սա է իմ մոտեցումը, և ես պետք է խնդրեմ իմ գործընկերներին՝ այսուհետ նման մոտեցում ցուցաբերել»:
Հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, ՀՀ կառավարությունը հաստատել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Ցանկում ընդգրկված է Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք: Վարչապետը նշել է, որ վերջերս տեղի են ունեցել գնդակոծություններ, ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները եւ կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով: «Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ», – եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:
Գործադիրն հաստատել է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների՝ հաշվի առնելով ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության համար հատկացված միջոցները, ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ օգնության, սոցիալական նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:

ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015թ. ծրագիրը, որի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը: Ծրագիրն իրականացվելու է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ, Հայաստանի ՏՏ ոլորտին աջակցող կառույցների՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջոցով՝ ՀՀ պետբյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

Երևանի վարչական տարածքում կան մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ: Դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ և առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունը: Նկատի առնելով այս հանգամանքը, կառավարությունը հավանություն է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացմանն առնչվող հարաբերությունները:

Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարին առաջարկվել է կառավարությանը տեղեկություն տալ Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնում գտնվող գյումրեցի երեխայի՝ Սերյոժա Ավետիսյանի վիճակի մասին: Նախարարը, մասնավորապես նշել է, որ երեխայի վիճակը մնում է կայուն ծանր: Նա ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, պարագաներով, սարքավորումներով: Առաջատար մասնագետներն օրը երկու անգամ անցկացնում են խորհրդակցություն: Այսօր առավոտվա լաբորատոր տվյալների համաձայն աննշան դրական փոփոխություն կա: Մոտակա երկու-երեք օրը երեխան շնչելու է շնչառական արհեստական սարքի օգնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել