ՀՀ ո՞ր բուհերն են հայտնվել առաջատար եռյակում. ամփոփվեցին ազգային վարկանիշավորման արդյունքները

ՀՀ Կրթության և գիտության նախարարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով վարկանիշավորման համակարգի հիմնական սկզբունքները, հիշեցրել է, որ նախորդ տարի նախարարությունը նախաձեռնել էր փորձնական ծրագիր` մշակել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը, թե ինչպիսի որակ են ապահովում ՀՀ բուհերը` ելնելով միջազգային չափանիշերից, որոնք ընկած են ազգային վարկանիշավորման համակարգի հիմքում:

«Այս տարի բազմաթիվ միջազգային և տեղական փորձագետներ են աշխատել, որ այս համակարգը լինի մաքսիմալ օբյեկտիվ և արտահայտի ուսանողակենտրոն որակյալ կրթական ծառայությունների տրամադրման քաղաքականությունը: Այսուհետ վերոնշյալ համակարգը կհանդիսանա այն հիմքը, որով հասարակությանն ամեն տարի կտրամադրվի ՀՀ բուհերի գործունեության օբյեկտիվ պատկերը: Համակարգի շնորհիվ բուհերը ևս կարող են ուսումնասիրել իրենց թույլ և ուժեղ կողմերը, գործադրել հավելյալ ջանքեր և ճշգրտել` ինչպիսի մրցակցային առավելություններ և թերություններ ունեն»,-նշել է նախարարը: Ամփոփելով վարկանիշավորման արդյունքները` նախարարն ընդգծել է, որ առաջատար եռյակում են հայտվել.

  • Երևանի պետական համալսարանը,
  • Հայաստանի ամերիկյան համալսարանը և
  • Երևանի Մ. Հերացու անցան պետական բժշկական համալսարանը:

Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է վարկանիշավորման համակարգի արդյունքների հիման վրա վերանայել պետական քաղաքականությունը մի շարք ոլորտներում: Ըստ նախարարի` դա առաջին հերթին կվերաբերի պետական պատվերի ձևավորման սկզբունքներին:

Ամփոփ արդյունքներով առանձին վարկանիշային աղյուսակներ են ստեղծվել հետևյալ ոլորտներում.

  • Երեք կրթական աստիճաններում և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր
  • Երեք կրթական աստիճաններում և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր
  • Բակալավրական ու մագիստրոսական և երեք ու ավել մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր
  • Բակալավրական և մագիստրոսական և մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր
  • Միայն բակալավրական մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհեր
  • Արվեստի բուհեր

Համապատասխան վարկանիշներով առանձնացվել են առաջատար բուհերը, որոնց կարող եք ծանոթանալ ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել