«Գովազդի մասին» ՀՀ օրենքով արգելվում է այն գովազդը, որտեղ օգտագործվում են անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը, պարունակվում են տեսաձայնային այնպիսի դրվագներ, որոնք կարող են բարոյական կամ ֆիզիկական վնաս պատճառել անչափահասներին, խաթարվում է ծնողների և դաստիարակների հեղինակությունը, անչափահասների վստահությունը նրանց նկատմամբ:
«Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում»,- iravaban.net-ի հետ զրույցում նշեց Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Վերջինիս փոխանցմամբ` արգելվում է նաեւ անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին: