Քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննիչը 2013թ. նոյեմբերին իր վարույթում գտնվող ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից Նատալիա Շ.-ի առաջարկով վերջինիս ընկերուհու հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և որպես փոխադարձ ծառայություն` Նատալիա Շ.-ի մասնակցությամբ վթարի իրական հանգամանքները խեղաթյուրելով` թաքցրել է իրավախախտմանը նրա մասնակցության հանգամանքը:
Կատարվում է նախաքննություն: Հաղորդում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: